Միջազգային

Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդները 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Het Financieele Dagblad թերթը՝ վկայակոչելով Նիդերլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կաիսա Օլոնգրենին:

Ըստ հրատարակության տվյալների՝ Օլոնգրենն այս օգնությունը խոստացել է նոյեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ուկրաինա նրա այցի շրջանակներում։

«Նրանց որոշակի աջակցություն է անհրաժեշտ պայքարը շարունակելու համար, - նշել է նախարարի պաշտոնակատարը: - Այս դեպքում խոսքը զինամթերքի մասին է, այս առումով մենք կարողացանք օգնության նոր փաթեթ առաջարկել Ուկրաինային»։

500 միլիոն եվրո ծավալով ռազմական օգնությունը կուղարկվի 2024 թվականին: Դրանից մոտ 260 միլիոն եվրոն կծախսվի հրետանային արկերի վրա, ևս 240 միլիոնը կտրամադրվի տանկային արկերի մատակարարմանը։

Օլոնգրենը հավելել է, որ Նիդերլանդները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»:

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Նիդերլանդները, այս փաթեթից զատ, 2,1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային: Ներկայում երկիրը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստման և հետագայում Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչների փոխանցման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում