Միջազգային

Ավդեևկայի ուղղությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են՝ առանց առաջնագծի էական փոփոխության

2 րոպեի ընթերցում

Ավդեևկայի ուղղությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են՝ առանց առաջնագծի էական փոփոխության

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները ինտենսիվորեն շարունակվում են Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ Ավդեևկայի ուղղությամբ ռուսական ուժերը ավիացիայի օգնությամբ փորձում են շրջապատել քաղաքը, սակայն ուկրաինական զորքերը շարունակում են պաշտպանվել։

BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ ռուսական բանակը Ավդեևկայի վրա գրոհ է սկսել հոկտեմբերի 10-ից։ Իրավիճակն այդ հատվածում չափազանց ծանր է։ Այնուամենայնիվ, տվյալ ուղղությամբ առաջնագծի փոփոխության մասին Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տեղեկագրում չի նշվում։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը գնդակոծել են Խերսոնի մարզի Ստանիսլավ գյուղը, որի հետևանքով 81-ամյա կին է զոհվել։ Վնասվել են նաև մի քանի շենքեր։

Ռուսական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Խերսոնի մարզի՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող հատվածը։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ լույս նոյեմբերի 2-ի գիշերը Սև ծովի երկնքում խոցվել է ուկրաինական մեկ անօդաչու թռչող սարք, ևս 5-ը կալանվել են Ղրիմի երկնքում։

Բացի այդ, ռուսական կողմը հաղորդել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն վերջին մեկ օրում Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ արձակել է 140 զինամթերք, նահանգը գրոհել են նաև մի քանի անօդաչուներ։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի գրառման՝ Շեբեկինո քաղաքում գնդակոծությունների հետևանքով 1 մարդ է տուժել, վնասվել է 2 ձեռնարկություն և 2 ավտոմեքենա։ Ըստ Գլադկովի, նոյեմբերի 1-ին նահանգի գյուղերի ուղղությամբ արձակվել են տանկային արկեր, հրետանային արկեր և ականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում