Միջազգային

Պենտագոնի ղեկավարը Իսրայելում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական օգնության նոր խմբաքանակ ուղարկել երկրին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը Իսրայելում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական օգնության նոր խմբաքանակ ուղարկել երկրին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելում իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստ է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Իսրայելին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ից Իսրայել ճանապարհին են հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սարքավորումներ։

Կողմերը մեղադրել են ՀԱՄԱՍ-ին, որոնք միտումնավոր կերպով թիրախավորում են քաղաքացիական անձանց։

Օսթինը և Գալանտը Գազա քաղաքի բնակիչներին կոչ են արել հեռանալ դեպի հարավ՝ «հանուն իրենց անվտանգության»։ Նման հրահանգ Գազայի 1,1 միլիոն բնակիչներին ավելի վաղ տվել էր նաև Իսրայելի պաշտպանության բանակը։

Հոկտեմբերի 12-ին Իսրայել էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հոկտեմբերի 13-ին Հորդանանում հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

BBC-ն նաև նշում է, որ Իսրայելի կողմից տարհանման հրահանգից հետո պաղեստինցիները զանգվածաբար փախչում են դեպի հարավ։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է Գազայից հրթիռներ արձակել հարավային Իսրայելի ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում