Քաղաքականություն

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

9 րոպեի ընթերցում

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում։ 

Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ  մասերի պահանջների համաձայն Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք սահմանելու և այդ հաստիքին հավատարմագրում և նշանակում իրականացնելու անհրաժեշտությամբ:

 Նախագծի հիմնավորման համաձայն՝ 1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 34 տարիների ընթացքում Հայաստան-Լեհաստան միջպետական հարաբերությունները զարգացել են անշեղորեն:

«Երկու պետությունների միջև գոյություն ունեն ամուր միջպետական հարաբերություններ, քաղաքական երկխոսության աճող մակարդակ, ակտիվ  միջխորհրդարանական համագործակցություն, իրավապայմանագրային հագեցած դաշտ, փոխգործակցություն բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տնտեսության, կրթության, մշակույթի, միջտարածաշրջանային համագործակցության և այլ բնագավառներում:

Հայաստան-Լեհաստան հարաբերություններում կարևոր բաղկացուցիչ է հանդիսանում համագործակցությունը պաշտպանության ոլորտում, որի համար հիմք է  հանդիսանում 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև  Վարշավայում 2026թ. փետրվարի 26-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է ավելի ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Լեհաստանի Հանրապետության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Լեհաստանում ՀՀ ռազմական կցորդի առկայությունը ևս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում:

Լեհաստանի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում նախադրյալ են հանդիսանում երկու պետությունների միջև ձևավորելու պաշտպանության ոլորտում կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը, մասնավորապես՝ հիմքեր ստեղծելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության ձևավորման և հետագա ընդլայնման համար:

Ներկայումս պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը ներառում է հրահանգիչների պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները, ինչպես նաև ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակումը, իսկ հետագայում համագործակցությունը կարող է ընդգրկել նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում պարբերաբար անցկացվող երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև գործող ծրագրերի շրջանակներում ռազմական համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղությունները, մասնավորապես՝ ռազմական կրթության, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության, տարբեր մասնագիտական ուղղություններով փորձի փոխանակման ոլորտները և այլ ծրագրեր:

Հետևաբար, երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ուստի, պաշտպանության ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և լեհական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Լեհաստանի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: Ավելին, Հայաստանը մեծապես կարևորում է Լեհաստանի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրոպական միության միջև:

Ռազմական կցորդի առկայությունը Լեհաստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում: Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, հյուրընկալ պետության զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի  զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական  ներկայացվածությունը, ինչպես նաև կայցելի ռազմաուսումնական հաստատություններ, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ  և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ»,- ասված է հիմնավորման մեջ:

 Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար  Լեհաստանի Հանրապետությունում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի պաշտպանության ոլորտում գործընկերային հարաբերություններին  և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ռազմական կցորդի գործունեության համար ստեղծել իրավական հիմքեր, ինչպես նաև սահմանել ռազմական կցորդի հաստիքը, իսկ ռազմական կցորդը՝ որպես դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամ,  նախատեսվում է, որ իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝  Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ՀՀ ռազմական կցորդի նշանակման մասին ծանուցման, ընդունված կարգի համաձայն հավատարմագրման ընթացակարգի անցկացման և համապատասխան մարմնի՝ այդ պաշտոնում ռազմական կցորդի նշանակվելու մասին համաձայնության տրամադրման դեպքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում