Միջազգային

Չինաստանը ՌԴ-ին ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինայի հակամարտության ընթացքում. ավարտվել է Բլինքեն-Ծինփին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը ՌԴ-ին ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինայի հակամարտության ընթացքում. ավարտվել է Բլինքեն-Ծինփին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Միացյալ Նահանգներին հավաստիացրել է, որ ռազմական օգնություն չի տրամադրի Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտության ընթացքում օգտագործելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք և մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ այն մահաբեր աջակցություն չի տրամադրի Ռուսաստանին: Մենք գնահատում ենք դա», - Բլինքենի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի այդ քաղաքականությունը համարել է կարևոր և նշել, որ մինչ այժմ ԱՄՆ-ն չի տեսել «ոչ մի ապացույց, որը կարող է հակասել» Պեկինի հավաստիացումներին։

Բլինքենը հավելել է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է, որ չինական ընկերությունները կարող են տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, և այդ պատճառով Պեկինին կոչ է անում «զգոնություն ցուցաբերել»:

France 24 պարբերականն իր հերթին հաղորդում է, որ Բլինքենը և Սի Ծինփինը համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է կարգավորել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, և դրա լավագույն միջոցը բարձր մակարդակով ուղիղ հաղորդակցությունն է:

Պետքարտուղարության ղեկավարը երկօրյա այցով Պեկինում է գտնվում հունիսի 18-ից 19-ը։ Նախքան Սի Ծինփինի հետ բանակցությունները նա հանդիպումներ է անցկացրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում