Միջազգային

Ռուսական ուժերը հարվածել են ծննդատան շենքին, ուկրաինական զինուժը գնդակոծել է ԶԱԷԿ-ը. ռազմական գործողությունների 273-րդ օրը

3 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը հարվածել են ծննդատան շենքին, ուկրաինական զինուժը գնդակոծել է ԶԱԷԿ-ը. ռազմական գործողությունների 273-րդ օրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ուժերի գիշերային գնդակոծության հետևանքով Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքում մասնակի փլուզվել է ծննդատան շենքը, ինչի հետևանքով էլ նորածին է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանային վարչության ղեկավար Ալեքսանդր Ստարուխը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի պաշտպանության ուժերը հետ են մղել ռուսական ուժերի հարձակումները Լուգանսկի և Դոնեցկի՝ մեկ տասնյակից ավելի բնակավայրերում: Գերատեսչությունը նաև նշում է, որ ռուսական զինուժը 5 հրթիռային հարված է հասցրել Խարկովի և Դոնեցկի մարզերի բնակավայրերին, ինչպես նաև՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 45 անգամ գնդակոծել է տարբեր բնակավայրեր:

Ուկրաինայի իշխանությունները դարձյալ հիշեցրել են, որ ռուսական հարվածները լուրջ վնաս են հասցրել երկրի էներգետիկ օբյեկտներին: Այսօր ևս Ուկրաինայի ամբողջ տարածքում կլինեն պլանային հոսանքազրկումներ:

Ռուսական կողմից էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով վնասվել են 4-րդ և 5-րդ էներգաբլոկների միջև գտնվող թորվածքով տարաները: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Ռոսէներգոատոմ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան՝ հավելելով, որ դրանք մասամբ օգտագործվում են որպես միջուկային ռեակտորի սառեցման համակարգի մաս, մասամբ էլ՝ որոշ հանգույցների և ագրեգատների լվացման համար:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հաղորդել են, որ Ուկրաինայի զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում 40 անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը, 2 մարդ վիրավորվել է: ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ուկրաինական ուժերն առավոտյան կես ժամվա ընթացքում 4 անգամ հարվածներ են հասցրել Դոնեցկին՝ քաղաքի վրա արձակելով 13 արկ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ վերջին 1 օրվա ընթացքում խոցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 136 շրջան: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշում է, որ շարունակվում են մարտական պատրաստվածության պարապմունքները զորակոչված քաղաքացիների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում