Չինաստանի ռազմական օդանավերը մտել են Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չինաստանի զինված ուժերի ռազմական օդանավերը հունիսի 21-ին մտել են Թայվանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) դիտարկման գոտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թայվանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Նշվում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանը մասնակցում է առնվազն 29 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի Y-9 օդանավը, ռադիոէլեկտրոնային հետախուզության Y-8 օդանավը, H-6 մակնիշի վեց միավոր ռազմավարական կործանիչներ, J-16 մակնիշի ութ միավոր կործանիչներ, չորս միավոր Սու-30 և հինգ միավոր J-11 կործանիչներ:

Ժողովրդա-ազատագրական բանակի գործողությանն ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը օդ է բարձրացրել իր կործանիչները, իսկ ՀՕՊ-ն իրականացրել է թիրախների վերահսկումը:

ՏԱՍՍ-ը գրում է, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի օդուժը վերջին ամիսներին պարբերաբար հատում է Թայվանի ՀՕՊ-ի դիտարկման գոտին՝ զորավարժություններ անցկացնելով տարածաշրջանում: Այդպիսի ամենալայնածավալ զորավարժությունը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 23-ին, երբ նշված գոտի է մտել միանգամից 39 ռազմական օդանավ:

Թայվանը մասնակիորեն ճանաչված պետական միավոր է Չինաստանի հարավ-արևելքում գտնվող համանուն կղզու վրա: Թայվանը, որն իրեն պաշտոնապես անվանում է Չինաստանի Հանրապետություն, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են: 1945-50 թթ. քաղաքացիական պատերազմում Կոմունիստական կուսակցությունից կրած պարտությունից հետո երկրում իշխող «Գոմինդան» կուսակցության վերահսկողության տակ մնացին միայն Թայվանը և մի խումբ այլ փոքր կղզիներ: 1949 թ. Չայ Կայշիի գլխավորած ուժերի մնացորդները փախան Թայվան, որտեղ ձևավորվեց նոր վարչակազմ: Այդ ժամանակներից ի վեր Թայվանը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և պետական այլ ատրիբուտներ: Պաշտոնական Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շրջաններից մեկը:

Հայերեն Русский

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները