Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ենթադրյալ կաշառք ստանալու գործով հերթական նիստի ժամանակ միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։

Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը, միևնույն ժամանակ նշելով, որ մեղադրանքի պարզաբանման հարցը շատ հեշտ կարելի էր լուծել նախորդ դատական նիստին։ «Մեղադրանքի վերաբերյալ մենք ունեինք առավելագույնը 10 հարց, և եթե դատախազները կպատասխանեին այդ հարցերին, ոչ ոք չէր ասի, որ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից», - նկատեց Խուդոյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի․ եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։

«Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց», - հայտարարեց Քոչարյանը։

Միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի:

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները