Հասարակական

Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման կայան կկառուցվի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզում հունվարի 27-ին կայացավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվում էր Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության» գրասենյակից հայտնում են, որ աշխատաժողովին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում։

«Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալն անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների», - ընդգծել է նախարարի տեղակալը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսն էլ նշել է, որ Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Նրա խոսքով՝ բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուններն են:

2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեն ազգային փորձագետներից բաղկացած խմբի հետ միասին EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները:

«Վերջին տարիներին՝ ամռան սեզոնին, Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով «ծաղկելու» խնդրի առջև է կանգնել: Սա լճում ֆոսֆորի մեծ քանակի հետևանք է, որին նպաստում է նաև կեղտաջրերի արտահոսքը։ Այս ուսումնասիրության շրջանակում առաջարկվում են լուծումներ կենտրոնացված, կիսակենտրոնացված և ապակենտրոնացված եղանակներով, և համեմատվում են դրանցից յուրաքանչյուրի համար կանխատեսվող ծախսերը: Սա քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա կայացնելու փաստերով հիմնավորված որոշումներ: Այնուհետև ուսումնասիրությունը կարող է իրականացվել օրինակելի ձևաչափով՝ նպաստելով ոչ միայն կենսազանգվածի քանակի ավելացման կրճատմանը, այլև ՀՀ-ում բնակվող հանրության իրազեկման բարձրացմանը։ «Ջրի պահպանությունն այնպիսի հիմնախնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և որի լուծման հարցում պետք է մասնակցություն ունենան բոլորը», - նշել է Ռոմաս Ռադկեն:

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ծրագրի գործընկերներին ներկայացնել միջազգային եւ ազգային փորձագետների կողմից իրականացված ելակետային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները: Արդյունքների ներկայացումից հետո գործընկերներն ընտրեցին կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը:

Հայերեն

ՀՀ ԱՍՀ փոխնախարարն ու ԵՏՍԿ արտաքին հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարը կարևորել են օրակարգային հարցերի ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը

Հայաստանում խուլիգանության դեպքերն աճել են 17.2 տոկոսով․ Երևանում նվազել են, մարզերում՝ ավելացել

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ՄԻԵԴ՝ Ֆրանսիայում իր դատավճռի հարցով

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը

Պակիստանի զորքերը ներխուժել են Քաշմիրի հնդկական հատված

Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով

Իրազեկում երկիր մուտք գործելու, ռուսաց լեզվի թեստավորում՝ դպրոց ընդունվելու համար. ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը

ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր խմբավորում կժամանի Մերձավոր Արևելք