Եվ Համո Բեկնազարյանը բացականչեց. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ…»

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թիֆլիսի օրիորդաց վարժարանում, ուր սովորում էի 1919 թվականին, հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի: Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան: Անուշի դերը հանձնարարված էր ինձ: Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը եւ Արմեն Տիգրանյանը: Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին եւ ասացին, որ իմ տեղը թատրոնն է: Վերջ: Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար եւ այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին…»:

Արուս ԱՍՐՅԱՆ

Իսկ բեմական ուղին նախանշելու պարագայում էական նշանակություն էր ունենալու այդ ժամանակներում լիուլի հայաշունչ թիֆլիսյան այն միջավայրը, որտեղ հայտնվել էր վրաց մայրաքաղաք ուսանելու եկած ապագա ժողովրդական դերասանուհին: Ամեն օր փութալու էր զմայլվելու արդեն սիրված ու ճանաչում ունեցող Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի անզուգական ելույթներով: Իսկ իր դերասանական առաջին ու վճռորոշ փայլուն ելույթին հետեւելու էր Օլգա Մայսուրյանի նախաձեռնությունը՝ ընտրել դերասանական տաղանդով օժտված երիտասարդների՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու նպատակով: Արդեն Անուշի դերակատարումով այդ երաշխիքը վաստակած Արուսը գերազանցությամբ է հանձնում նախնական քննությունները, սակայն ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով հրաժարվում է ընձեռված հնարավորությունից: Դա 1922-ին էր:

Այդուհետ աշխատանքի էր անցնելու Թիֆլիսի հայ դրամայում՝ այժմյան Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: Սակայն դերասանուհու աստղը շողալու էր հայրենիքում. 1929 թ. հրավիրվում է Գյումրու նորաստեղծ երկրորդ պետական դրամատիկական թատրոն: Թիֆլիսյան անցյալը մնում է հեռվում: Այստեղ Ասրյանին ճանաչում ու հռչակ էր բերելու Շողակաթի դերը՝ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ, այնուհետեւ մարմնավորելու էր Միրանդոլինային՝ Գոգոլի «Հյուրանոցի տիրուհին» պիեսում: Մի դեր՝ անզուգական, գունեղ ու հմայիչ կերպավորմամբ: Իսկ բեմադրիչը մեծանուն Վարդան Աճեմյանն էր, որի հետ Արուս Ասրյանին երկար տարիներ աշխատելու բախտ էր վիճակված. 1940 թ. դերասանուհին հրավիրվում է մայրաքաղաքի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Իսկ այստեղ հայ բեմարվեստի մեծերն էին, որոնց խաղով ինքը սքանչացել էր ժամանակին ու հիմա դառնում էր նրանց խաղընկերը:

Սա երանելի բախտ էր ու պարտավորեցնող իրողություն: Եվ մայր թատրոնի բեմում ստեղծում է փայլուն կերպարներ, որոնցից առանձնանալի էին մանավանդ մայրերի եւ մամիկների դերակատարումները՝ Մարգարետ. «Բրոուդի ամրոցը», Հեղինե՝ «Գարնան անձրեւ», Մարե՝ «Հանրապետության նախագահը», Նուբար՝ «Աշխարհն, այո, շուռ է եկել», Անուշ՝ «Բաղդասար Աղբար», Տատիկ՝ «Իմ սիրտը լեռներում է», Լուիզա՝ «Սեր եւ խարդավանք», Նաստյա՝ «Հատակում»… Եվ այսպես՝ շուրջ 250 ամենատարբեր դերեր՝ ամենատարբեր ներկայացումներում: Եվ այդ կերպավորումներով սքանչանալու էր ոչ միայն թատերասեր հասարակությունը, այլեւ թատերական տեսաբանները, մեծահամբավ իր խաղընկերները:

Հանճարեղ ու անգերազանցելի Վահրամ Փափազյանը եւս գնահատանքի խոսք էր ասելու. «Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը եւ շեշտված դերապատկերների նախասիրությունը: Հիանալի սուբյեկտ է եւ միեւնույն ժամանակ՝ կատակերգու»: Նրա կրտսեր գործընկերները նույնպես սքանչանալու էին. «Տիկին Արուսը որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս՝ կյանքում,- գրելու էր Երվանդ Ղազանչյանը:- Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալն ավելի մեծ դպրոց էր, քան որեւէ բուհում սովորելը»:

Բեմական հարուստ ժառանգությանը զուգահեռ, սիրված դերասանուհին իր խոսքն է ասել նաեւ հայկական կինոարվեստում. մեզանից ո՞վ չի հմայվել 1940-ին ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանի նկարահանած «Քաջ Նազար» ֆիլմով, Արուս-Ուստիանի այնքա՛ն բնական ու տպավորիչ խաղով: Իսկ 1943-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանում էր «Դավիթ-Բեկ» ֆիլմը, այնտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը փնտրտուքների մեջ էր: Դա սեւամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որը շատերն էին փորձել, բայց՝ ապարդյուն: Իսկ երբ սկսում է երգել փորձի համար հրավիրված Արուս Ասրյանը, Բեկնազարյանը բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ…»:

Իսկ դերասանուհին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ Տատիկի գրեթե անխոս դերում արդեն բացահայտել էր նաեւ երգելու անուրանալի իր շնորհը: Եվ երգել էր հայ մարդու հոգու երգը՝ «Կռունկը»՝ սրտամաշ ու կարոտալի…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն