Քանդակագործ… օպերատորը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Յավուրյանի որոնումները կապված էին այն էսթետիկական փնտրտուքների հետ, որ ունեին ֆրանսիական կինոն եւ 50-ականների վերջի, 60-ականների սկզբի ռուսականը: Մեզանում այդ նոր տեսությունը կապվում է հենց նրա անվան հետ «Բարեւ, ես եմ» ֆիլմով: Երբ հետեւում ենք Յավուրյանի կինոխցիկին կամ ֆիլմը դիտում իր աչքերով (քանի որ ֆիլմի առաջին տեսնողը օպերատորն է), կամաց-կամաց մի տպավորություն է ստեղծվում, թե այդ կինոխցիկը պերսոնաժ է՝ շնչավոր էակի նման, մտածում է, լռում, անհանգստանում, հուզվում, փնտրում, այլ ոչ թե մեխանիկական ապարատ, որն ընդամենը գրանցում է, սակայն չի դառնում սուբյեկտ: Դա նորություն էր հայկական կինոյում՝ օբյեկտիվի միջոցով, բայց սուբյեկտիվ հայացքով…»:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կինոգետ

Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, «Նիկե» միջազգային կինոակադեմիայի անդամ եւ էլի թվարկելիք նվաճումներ, որ զարդարում են Ալբերտ Յավուրյան արվեստագետի անձն ու վաստակի պսակը: Նա՝ ծնունդով գյումրեցի կինոօպերատորը, որ մասնագիտական բարձրակարգ կրթություն էր ստացել Մոսկվայում, փառավորելու էր հայ ազգային կինոն՝ ուսումնառության ավարտին նշանակմամբ իր բեմադրող-օպերատորի գործունեությունն սկսելով Յալթայում:

Նրա համար, սակայն, շրջադարձային էր լինելու Ֆրունզե Դովլաթյանի եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով վերադարձը հայրենիք՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար: Կինոնկար, որն իրավամբ ճանաչվելու էր որպես հայ կինոյի նորագույն շրջանի հայտնություն: 60-ականների համաշխարհային կինոյի ոճին ու ասելիքին համապատասխանող եւ հայկական հասցե ունեցող այս կինոերկի ստեղծմանն իր անժխտելի ներդրումն ուներ Ալբերտ Յավուրյանը, որ հաջողությամբ կարողացել էր կիրառել «ազատագրված կինոխցիկի» լայն հնարավորությունները: Եվ բնավ պատահական չէր, որ բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի հետ օպերատորը եւս արժանացավ Հայաստանի պետական մրցանակի: Այդուհետ Յավուրյանը խաղարկային եւ վավերագրական տասնյակ ֆիլմերում էր հանդես գալու որպես բեմադրող օպերատոր՝ «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Երջանկության մեխանիկա», «Մենավոր ընկուզենի»: Շատ են այդպիսիք: Նման պրոֆեսիոնալի հետ միշտ էլ երազում են աշխատել անվանի ու խորիմաց բեմադրիչները: Սպասելի էր, որ հանճարեղ Փարաջանովն իր վերջին ֆիլմերին հրավիրեր հենց Յավուրյանին՝ նկարահանելու «Աշուղ Ղարիբը», «Խոստովանությունը», որը, ավաղ, չհասցրեցին ռեժիսորի մահվան պատճառով…

Անվանի բեմադրող օպերատորն աշխատանքներ է կատարել մեր բարեկամ երկրում՝ Իրանում: Այդ ֆիլմերը երկուսն են՝ «Ընկերը» եւ «Զինապարտը»: Երկրորդը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «Լավագույն օպերատորական աշխատանք»:

Անվանի կինոօպերատորը, որ համագործակցել է նաեւ հայտնի ռեժիսորներ Գրիգոր Մելիք-Ավագյանի, Ներսես Հովհաննիսյանի, Կարեն Գեւորգյանի, Դմիտրի Կեսայանցի հետ, զգալի ավանդ ունի նաեւ սերնդակրթման բնագավառում. երկարատեւ մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ղեկավարել բուհի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը, իր հեշտ թվացող, բայց դժվարին արվեստի գաղտնիքներն ու նրբությունները փոխանցել ուսանողներին: «Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր կենսագրության համար,- հաճախակի է կրկնել իր սկզբունքն ու ավելացրել.- Իմ երազանքն է տեսնել այն Հայաստանը, որը կլինի երիտասարդների ձեռքերում…»:

Փայփայելի երազանք:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում