Հայաստանը որդեգրել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ՎԻԼՆՅՈՒՍ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները բավականին բարդ են, և միջավայրը Հայաստանի շուրջ շարունակում է մնալ լարված: Չնայած այս ամենին, մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։

ՀՀ վարչապետի բնորոշմամբ՝ հետպատերազմական շրջանը շատ ծանր էր Հայաստանի համար, և եթե ներքաղաքական իրադրության հետ կապված խնդիրները լուծվել են ապա արտաքին միջավայրի խնդիրները շարունակում են լարված լինել:

«Սա ներքին լարումները հաղթահարելու հետաքրքիր փորձառություն էր։ Ընտրությունները ծառայեցին որպես խնդիրները կարգավորելու գործիք, նախկինում հիմնականում ընտրությունները դառնում էին ներքաղաքական լարվածության մեկնակետ։ Այս առումով, գոհունակությամբ նշեմ, որ հանրային հուզումների այն մթնոլորտը, որ ունեինք նոյեմբերից մինչև հունիս, լուծված է:

Արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները բավականին բարդ են, և միջավայրը Հայաստանի շուրջ շարունակում է մնալ լարված: Չնայած այս ամենին, մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը, մենք հասկանում ենք, որ խաղաղությունը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված։ Միևնույն ժամանակ, մենք շարունակելու ենք այս ուղեգիծը: Ամեն օր տեղի են ունենում զարգացումներ, որոնք նպատակը հառական ապացուցելն է: Սակայն մենք պիտի փորձենք շարժվել այս ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելն առաջնահերթություններից են, սակայն «մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք»: Կառավարության ղեկավարը հավելել է. «Ըստ էության, այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաև Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայություն, և դա շատ կարևոր է: Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, և դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ դարաշարջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ այդ ճանապարհին կարևոր է վերլուծել նախորդ շրջանը և ճիշտ հետևությունների գալ: «Իհարկե, նախընտրական քարոզարշավը այսպիսի բաղադրիչ բավականաչափ պարունակում էր: Շատ է խոսվել տեղի ունեցածի մասին, բայց գիտեմ ինչքան էլ շատ խոսված լինի, կան նրբություններ, որոնց մասին չի խոսվել: Անցած երեսուն տարիները վերլուծելը կարևոր է, և հույս ունեմ, որ արդյունքում կկարողանանք նոր էջ բացել մեր պետության պատմության համար, որը կլինի շատ ավելի պոզիտիվ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հայերեն English

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց