ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է համարում, որքան մարդկանց աչքերի մեջ նայելը: Արդյունքում համոզվել է՝ ՀՀ կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր արժեքային ուժեղ կապ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանակում ջերմուկցիների հետ հանդիպմանը:
Փաշինյանը շեշտեց՝ երբեք չի ասել, որ իրենց ուժն ընտրություններում հաղթելու է: «Ես ասել եմ, որ ՀՀ քաղաքացին կորոշի: Եվ քարոզարշավի ոգուց, բազմամարդությունից, ճանապարհին մարդկանց ողջույններից մենք հասկանում ենք, որ քաղաքացին վճռական է տրամադրված: Բայց ուզում եմ էլի բոլորիդ ասել, որ եթե դուք որոշեք, որ մենք պետք է գնանք, մենք դա չենք վիճարկի, մենք կգնանք: Եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք ու կշարունակենք մեր ծառայությունը, ինչքան էլ, որ հասկանում ենք, որ մեր ծառայությունն անթերի չի եղել»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավը ցույց է տվել, որ կեղծ լուրերն ազդեցություն չեն ունեցել հասարակության վրա:
«Քարոզարշավի այս հանդիպումների նպատակը ոչ այնքան քարոզչություն անելն է, այլ մարդկանց աչքերի մեջ նայելը, մարդկանց հայացքը տեսնելը, որ մարդիկ մեր հայացքը կարդան: Շատ բաներ կա, որ չես ասի, բայց մարդկանց հայացքում արտահայտված է»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ շատ բաներ ասել է և շատ բաներ էլ կա, որ չի կարողանում ասել, բայց, վստահ է, որ ժողովուրդն իր հայացքը, աչքերը տեսնելով, կարդում է ավելի շատ, քան ինքն ասում է: Նա դրա համար շնորհակալություն հայտնեց, և դա համարեց վկայություն, որ ՀՀ կառավարության և ժողովրդի միջև կա հոգևոր, արժեքային ուժեղ կապ: Ըստ նրա՝ այդ կապն է, որ 7-8 ամսվա ընթացքում կարողացել է պաշտպանել պետականությունը՝ անշրջելի ցնցումներից, կարողացել է պահպանել քաղաքացիական բախումներից:
«Մեր պետականությունը հիմնված է առաջին հերթին քաղաքացու վրա, ինչքան ուժեղ է քաղաքացին, այնքան ուժեղ է պետականությունը: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա ընտրություններում հաղթողը լինելու է մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,-ասաց նա: