8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես Ռոմանոսին առաջին անգամ տեսել եմ 1904 թվին, գարնանը, Նոր Նախիջեւան քաղաքում: Առաջին հայացքից նա գրավեց ինձ. հրաշալի խոսակից էր՝ սրամիտ, հմայիչ իր ձայնով, իր բանաստեղծական շարժուձեւով: Հազիվ 20-21 տարին անցած լիներ: Բարձրահասակ, գեղեցիկ, ճոխ մազերով: Ամեն օր հանդիպում էինք իրար նախիջեւանցիների հռչակավոր «Ասֆալտի» վրա կամ պարտիզում: Հետը ման էր ածում մի լավ կրթված խելացի շուն…Հետագայում ես չէի կարողանում պատկերացնել Ռոմանոսին առանց իր սիրելի շանը: Մեծ հաճույք էր պատճառում նա ինձ, երբ ոգեւորված խոսում էր իր ծրագրերի մասին-ուզում էր Կովկաս գնալ, շրջել հայկական գյուղերը, հավաքել մեր ժողովրդական երգերը, ուսումնասիրել, մշակել… եւ զարկ տալ հայկական ազգային երաժշտական արվեստի ամրացմանն ու զարգացմանը, որ նոր էր սկսված հանճարեղ Կոմիտասի շնորհիվ…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Ականավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանի անունը հայ երաժշտության պատմության մեջ անխզելիորեն կապված է Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի անունների հետ: Այս երեւելիների հետ մեկտեղ նա է դրել մեր ազգային դասական երաժշտության հիմքերը՝ չխնայելով ջանք ու եռանդ՝ հանուն ազգային բարձր արվեստի: Մանավանդ վոկալ երաժշտության բնագավառում անուրանալի է նրա վաստակը: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ հայկական դասական ռոմանսն ստեղծողի պատվանունը հենց իրեն էր վերապահված:
Մեծ կոմպոզիտորը ծնվել է 1883 թ. հոկտեմբերի 1-ին, Դաղստանի Ղզլար քաղաքում: Այստեղ է ստացել իր առաջին երաժշտական տպավորությունները, որոնք ուղեկցելու էին նրան ողջ կյանքի ընթացքում: Դրանք հայկական ժողովրդական երգերն էին, երգեր, որոնց մեծ սիրահարն ու մշտապես հնչեցնողն էր իր հայրը: Հայրենի քաղաքում էլ 1900 թ. կայանում է նրա անդրանիկ ինքնուրույն համերգը երգչախմբի հետ, որը 17-ամյա պատանին կազմել էր տեղի հայերից: Այդ ժամանակ Ռոմանոս Մելիքյանը տակավին Նոր Նախիջեւանի թեմական դպրոցի սան էր, իսկ երաժշտական կարողությունները քաջալերողը՝ այստեղ որպես ուսուցիչ աշխատող ապագա կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանը:
Թեմականն ավարտելուց հետո իր անցնելիք ճանապարհի վճիռը կայացրած Ռոմանոսն ուսումը շարունակում է Ռոստովի երաժշտական ուսումնարանում: 1905թ. մեկնում է Մոսկվա՝ մասնագիտական ավելի լուրջ կրթություն ստանալու նպատակով: Սկզբում մասնավոր դասեր է առնում Իպոլիտով-Իվանովի մոտ, ապա ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա, ուսանում Յավորսկու դասարանում: Սա լավ առիթ էր մոտիկից շփվելու նշանավոր երաժիշտների հետ, ստանալու նրանց արժեքավոր խորհուրդները: Սակայն նյութական ծանր պայմանները եւ առողջական վատ վիճակը ստիպում են կիսատ թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Կովկաս: 1908թ. նա արդեն Թիֆլիսում էր եւ երաժշտություն էր դասավանդում Հովնանյան դպրոցում: Զուգահեռաբար լայն գործունեություն է ծավալում հայահոծ վրաց մայրաքաղաքում: Ինչպես նրա ժամանակակից կոմպոզիտոր Միքայել Միրզայանն է վկայում. «Նա պայքարի է ելնում… Ազգային դիլետանտիզմին հակադրում է եվրոպական երաժշտական կլասիկների գեղարվեստական երկերի լավագույն նմուշները: Կազմակերպված պայքար մղելու նպատակով իր շուրջն է հավաքում, համախմբում սկսնակ երաժիշտներին, պարապմունքների միջոցով բարձրացնում նրանց մակարդակը, կազմակերպում է երաժշտագետների մի խմբակ՝ «Երաժշտական լիգա» անունով, որը պետք է զբաղվեր հայ ժողովրդական երգերի մշակմամբ, եվրոպական կուլտուրայի պատվաստմամբ եւ լայն մասսաների մեջ երաժշտական կրթության տարածման աշխատանքներով…»: Այդ գործունեության արդյունքներից մեկը եղավ երաժշտական ձեռնարկի՝ «Այբբենարանի» ստեղծումը հայկական դպրոցների համար: «Երաժշտական լիգայի» պրակտիկայի հետ էր կապված կոմպոզիտորի մի քանի երգ-ռոմանսների ստեղծումն ու հրապարակումը՝ «Աշուն», «Վարդը», «Ուռենի», այլ սիրված գործեր:
… Այդուհանդերձ, ուսման ծարավը հանգիստ չէր տալիս 27-ամյա երաժշտին: 1910-1914թթ. Ռոմանոս Մելիքյանը շարունակում է իր երաժշտական կրթությունը Պետերբուրգի կոնսերվատորիայում: Այստեղ նա հաճախ է հանդիպում մշակույթի հայ գործիչներին, ծանոթանում Ա. Սպենդիարյանի հետ, ակտիվորեն ստեղծագործում, մշակում հին գործերը, գրում նորերը՝ «Կոտ ու կես», «Լուսնակն անուշ», «Անձրեւն եկավ», «Ինչու Բինգյոլ մտար», «Աղջկերք, պար բռնեցեք», «Արի, Մանան»: Այս շրջանի նրա ստեղծագործությունները ավելի շատ հայտնի են «Աշնան տողեր» երգաշարով, որի ռոմանսների մեծ մասը Վահան Տերյանի պոեզիայով ներշնչման արդյունք են: Ի դեպ, հայտնի են մեծ քնարերգուի եւ տաղանդավոր երգահանի մտերմիկ կապերը, որոնք շարունակվել են նաեւ նամակագրությամբ:
1915թ. կոմպոզիտորը վերադառնում է Թիֆլիս, սերտ կապեր հաստատում տեղի «Հայոց երաժշտական ընկերության» հետ, մասնակցում նրա աշխատանքներին:
Գալու էր բաղձալի ժամանակը, եւ հայրենի կառավարության հրավերով Ռոմանոս Մելիքյանը հանգրվանելու էր Երեւանում: 1921 թ. մայրաքաղաքում հիմնադրում է երաժշտական ստուդիա, որն էլ երկու տարի անց դառնում է կոնսերվատորիա: 1924թ. մեկնում է Ստեփանակերտ, այստեղ եւս ստեղծում երաժշտական ուսումնարան, ապա Թիֆլիս՝ գլխավորելու «Հայարտան» երաժշտական սեկցիայի եւ երաժշտական ստուդիայի աշխատանքները: Վերադառնալով Երեւան՝ մասնակցում է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին եւ նպաստը բերում մայրաքաղաքի օպերային թատրոնի հիմնադրմանը, առաջ քաշում Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը հայրենիքում կենտրոնացնելու գաղափարը, կազմակերպում երաժշտական գրականության հրատարակչություն ստեղծելու առաջին քայլերը: Համերգներ է նախաձեռնում Լենինականում, Փամբակում, Լոռիում, Զանգեզուրում, մյուս շրջաններում: Կյանքի է կոչում բազմաթիվ երգչախմբեր, ինքը ղեկավարում խառը եւ բավականին մեծ երգչախումբ. «Ես ամբողջ ժամանակ վազում եմ փորձից փորձ,- գրում է նամակներից մեկում,- այս բոլոր ձեռնարկումները նոր են, հրապուրիչ: Հոգնածություն քիչ եմ զգում… Այժմ երաժշտական-հասարակական կյանքը զարթնում է Հայաստանում…»:
1928 թ. լույս են տեսնում Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի երգերը», «Զառ-վառ» եւ «Աշնան տողեր» մշակված շարքերը՝ արժանանալով երաժշտական աշխարհում հայտնիների ամենաբարձր գնահատականներին: Կոմպոզիտորը շտապում էր իր ժողովրդին տալ վերուստ տրվածը. «Ժամանակը չի սպասի,- տագնապում էր,-կյանքն առաջ է թռչում հարյուր մղոնանոց քայլերով: Արվեստագետը պարտավոր է ընթանալ իր դարի հետ…»:
Վարպետի՝ Ավ. Իսահակյանի բնութագրմամբ՝ «հայ ամենալիրիկ կոմպոզիտորի» ազգանվեր գործունեությունն ու հոգնություն չունեցող կյանքը բոլորանվեր մատուցում էր ազգային երգարվեստին: Կյանք, որ ընդհատվեց ուժերի ծաղկման շրջանում՝ 1935-ի մարտի 30-ին, 52 տարեկան հասակում:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ