Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունն ամփոփվել են մեծ գրողի բացառիկ հանրագիտարանում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հանրագիտարանում ամփոփվել է հեղինակի ամբողջ ստեղծագործական աշխարհը: Գրքում ներառվել են Թումանյանի գրականությանը, հասարակական և ստեղծագործական գործունեությանը վերաբերող պատմություններ, հիշողություններ և այլ արժեքավոր նյութեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց, որ հանրագիտարանում ներառվել են դիմանկարներ, որոնց հեղինակները դասական նկարիչներ են:

«Գիրքը լույս է տեսել 2020 թվականի օգոստոսին: Այն պատրաստվել է երեք տարվա ընթացքում: Պետությունից ստացել ենք պատվեր, և մեզ են տրամադրել մոտ 16 մլն դրամ երեք տարվա կտրվածքով: Գիրքը տպագրելու համար աշխատել եմ ընդգրկել բոլոր մասնագետներին, Գրականության ինստիտուտին, ինստիտուտից դուրս գործող մասնագետների, գրողի թանգարանին, տուն-թանգարանին»,-նշեց նա:

Այվազյանի խոսքով՝ ցանկանում են նաև հայոց էպոսի հանրագիտարան պատրաստել, իսկ Ավետիք Իսահկյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, առաջարկել է նաև Ավետիք Իսահակյանի հանրագիտարան պատրաստել: Երբ ծանոթացել է Հովհաննես Թումանյանի հանրագիտարանին՝ նշել է, որ այն եվրոպական մակարդակի է:

Հովհաննես Այվազյանը կարևորեց թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի դերը հանրագիտարանի ստեղծման գործում՝ շեշտելով, որ վերջինս Թումանյանի մասին հսկայական գրականություն է գրել: Նրա հավաքած նյութը, գրականությունն օգտագործվել են հանրագիտարանում:

«Հայկական հանրագիտարան հրատարակչության» գլխավոր խմբագիրը Թումանյանին հասարակական երևույթ է համարում, մարդու, որն ամեն ինչի պատրաստ էր հայրենիքի, հայ ժողովրդի, ընտանիքի, ընկերոջ համար:

Նա Թումանյանի հասարակական գործունեությունից մի քանի դրվագ հիշեց, որոնք ըստ Այվազյանի՝ այսօր պակասում են մեզ: «Եթե լիներ ամուր բռունցք ունեցող մեկը, որը կարողանար զսպել աջ և ձախ բողոքներ ներկայացնող մեր տարբեր խավերին, կարծում եմ՝ վաղուց արդեն որևէ հանգուցալուծման եկած կլինեինք: Այդպիսին էր ժամանակին Թումանյանը: Նա հարց լուծող չէր, բայց կարող էր հարցի լուծման ճանապարհ բացող լինել: Հիշենք 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումները. երբ բախումները սկիզբ էին առնում, Թումանյանը որոշեց գնալ Բորչալու, որտեղ ազգաբնակչությունը հայ-թաթարական էր: Նա կարծում էր՝ այդտեղ կարող են բախումներ լինել: Նա գնաց ոչ թե ժողովրդին զինելու, այլ խաղաղության պատրաստելու համար: Թումանյանը սպիտակ դրոշը բարձրացրած տարբեր գյուղերից մարդկանց խմբերի էր հավաքում, գնում թուրքերի բնակավայրեր: Այդպես Թումանյանն այդ հատվածում կարողացավ նվազագույնի հասցնել հայ-թաթարական բախումները»,- պատմեց Այվազյանը:

Թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը խոստովանեց, որ ի սկզբանե չի պատկերացրել, որ հնարավոր է Թումանյանի մասին հանրագիտարան ստեղծել երեք, հինգ կամ տասը տարում: «Ես չէի հավատում, որ անգամ համախմբելով մեր ամբողջ մտավոր ներուժը կարող ենք նման աշխատանք ստանալ: Այն համառությունը, որը դրսևորեց հանրագիտարանի խմբագրությունը, բերեց հաջողության, բայց ես կարծում եմ, որ հետագայում երկու նման հատոր պետք է ունենանք, որովհետև Թումանյանն անսպառ է, իսկ սպառել անսպառելին, անհնար է»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Մասնագետի հավաստիացմամբ՝ Թումանյանի հանրագիտարանը երևույթ է դարձնում այն կարևոր հանգամանքը, որ յուրաքանչյուր ազգի, մշակույթի հարստությունը դրսևորվում է նրա մեծերի նկատմամբ ունեցած տվյալ ազգի վերաբերմունքով: «Մշակութային ասպարեզում որևէ անհատի, գործչի հանրագիտարանը չափազանց կարևոր է: Ռուսներն ունեն Լերմոնտովի հանրագիտարան, որն օրինակելի է, իսկ հայ իրականության մեջ որևէ անհատի հանրագիտարան չի եղել: Այս իմաստով այս աշխատանքը բացառիկ է: Հանրագիտարանն ունի երկու առաջաբան. մեկը ներկայացնում է բանաստեղծի հոգևոր կերպարը, նրա նկարագիրը, հոգեկան աշխարհը, գործունեությունը, մյուսը՝ նրա ստեղծագործությունը: Թե՛ իբրև մարդ, թե՛ իբրև ստեղծագործող Թումանյանը եզակի է մեր բազմադարյա մշակույթի ընթացքում: Օտարներն ասում էին. «Թումանյանը Հայաստանն է, Թումանյանը հայ ժողովուրդն է»: Այն, որ Թումանյանը մեր արյան բաղադրության մեջ է, որևէ կասած չի հարուցում»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Թումանյանագետը հավելեց, որ Թումանյանն այնտեղ էր, որտեղ ազգը դժվար ժամանակներ էր ապրում: Մասնագետի խոսքով՝ այնպես չէ, որ Թումանյանն այնքան միատմիտ է եղել, որ կարծեր, թե սպիտակ դրոշով կարելի էր հարցեր լուծել թաթարների, մեր անցյալի և այսօրվա հարևանների հետ: «Նրա դուստրերը տանը նստած կարում էին և՛ կարմիր, և՛ սպիտակ դրոշներ: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց եթե այդ խաղաղությանը դիամգրավում են զենքով ու զորքով, ապա ունենք նաև կարմիր դրոշ: Նա մեր ինքնության սյունն է»,- նշեց նա:

Թումանյանագետը հիշեցրեց՝ երբ Շուշիում կոտորածներ են եղել, մշակույթի միակ գործիչը, որը հավաքել է ամբողջ հայ մտավորականությանը Թիֆլիսում և հանրահավաք կազմակերպել՝ աշխարհին դիմելու համար, Թումանյանն էր, և այդ օրը նա ասել է, որ Ղարաբաղը երբեք չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում ինչ ձև էլ, որ այն լինի՝ սոցիալիստական, կապիտալիստական. այն երբեք չի՛ լինի Ադրբեջանի կազմում: Այն վաստակել է մայր երկրի կյանքով ապրելու իր իրավունքը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն