Հայ բեմի թագուհին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ, եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը, որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն…»:

Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Հիրավի, նա այն երջանիկներից էր, որոնց բախտ էր վիճակվել կանգնելու հայ բեմի հսկաների՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, ժամանակի շատ ու շատ այլ երեւելիների խաղընկերը դառնալու, ի վերջո՝ վայելելու համաժողովրդական սեր եւ վաստակելու հայ բեմի թագուհի՝ եզակիներին վերապահված տիտղոսը:

Վարդուհի Վարդերեսյանի հայրը՝ Կարապետ Վարդերեսյանը, հայոց մեծ նախճիրից ընդամենը 2-3 տարի առաջ, ասես ներքին մի զգացողությամբ գուշակելով հնարավոր վտանգները, 1912 թ. թողնում է Մարմարա ծովի ափին գտնվող իր բնակավայրը՝ Ռոդոսթոն, որը թուրքերը նաեւ Թեքիրդաղ են կոչել, եւ տեղափոխվում է Ռումինիա: Այս երկրի մայաքաղաք Բուխարեստում էլ 1928 թ. այս օրը ծնվում է ապագա դերասանուհին: Վեց ամսական էր, երբ մահանում է հայրը: Ծանր մանկություն ապրած աղջնակը տասնչորս տարեկանում ավարտում է տեղի 7-ամյա հայկական վարժարանը: Հետագայում դերասանուհին այսպես էր վերհիշելու այս կրթօջախը. «Վարժարանում ունեցել եմ ընտիր ուսուցիչներ: Առաջին հանրապետության փլուզումից հետո հայ բարձրաստիճան անձինք, որոնք Եվրոպայում էին կրթություն ստացել, աշխարհով մեկ ցրվեցին, ոմանք եկան նաեւ Ռումինիա եւ քանի որ ռումիներեն չգիտեին, անցան ուսուցչության հայկական վարժարանում: Կյանքիս ամենակարեւոր հանդիպումներից մեկն իմ ուսուցիչներից Վազգեն Ա. կաթողիկոսի հետ է եղել: Ռումինիայում ծնված մի խելացի հայ երիտասարդ էր, որն այն ժամանակ մեզ դասավանդում էր Ռումինիայի աշխարհագրություն եւ պատմություն: Դրանք 1937-38 թվականներն էին: Ես մինչեւ օրս տպավորված եմ իմ ուսուցչի վառ կերպարով»: Սքանչելի ուսուցիչներ, բայց քանի որ ընտանիքը միջոցներ չուներ, Վարդուհին այլեւս չի կարողանում շարունակել ուսումը: Բուխարեստում հայ տղամարդիկ կոշիկ էին կարում, իսկ կանայք՝ կոշիկի երեսներ: Վարդուհին նույնպես սկսում է սովորել այդ գործը: Մայրը նրա համար վարպետ է գտնում, որը երիտասարդ աղջիկ էր, եւ որի մորեղբայրն ապրում էր իրենց բակում ու ուներ մեծ գրադարան: Այդ գրադարանն է դառնում Վարդուհու պատուհանը դեպի մեծ աշխարհ: Եվ նա, երբեւէ եղած չլինելով թատրոնում, որոշում է դերասանուհի դառնալ…

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, մոր հետ գալիս է Հայաստան: Հանգրվանում են Նուբար փաշայի կառուցած Նուբարաշենում: Հաճախում է գիշերօթիկ դպրոց՝ արեւելահայերենը յուրացնելու համար: Եվ մի օր էլ, բախտի բերմամբ, Նուբարաշենի ինքնագործ թատրոնում հանդես է գալիս «Պատվի համար» ներկայացման մեջ՝ խաղալով Մարգարիտի դերը, որն էլ հետագայում բացում է նրա առջեւ մեծ թատրոնի դռները: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր: Այնուհետեւ տեղափոխվում են Գյումրի, որտեղ ապրում էր նույնպես ներգաղթած քույրը՝ իր ընտանիքով: Այդ տարիներին Գյումրիում թատերական կյանքը եռուզեռի մեջ էր: 1947 թ. մի փոքրիկ դերով բարձրանալով արվեստների քաղաքի թատերական բեմ, Վարդուհի Վարդերեսյանն այդ թատրոնում աշխատում է 10 տարի, որից հետո նրա համար հարազատ օջախ է դառնում մայրաքաղաքի մայր՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը: Մի օր նրան է մոտենում Վարդան Աճեմյանն ու ասում. «Վարդուհի, քեզ համար մի դեր եմ առանձնացրել: Լավ դեր է, բայց տղայի դեր ես կատարելու…»: Դերասանուհին համաձայնում է եւ գրեթե 17 տարի մարմնավորում Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ 9-ամյա Ջոնիի դերը: Եվ մի օր էլ հեռախոսազանգով հրաժեշտ է տալիս այդ դերին՝ ասելով. «Ներկայացումն էլ, ինչպես մարդիկ, ծերանալ գիտե… Ես զգացի այդ ծերությունը, թեեւ խաղում էի, գլուխկոնծի էի տալիս, վազվզում էի, բայց մի օր հասկացա, որ կարող է իմ վազքն այլեւս այդքան թեթեւ չէ, ինչպես 17 տարի առաջ, եւ որոշեցի Ջոնից հրաժարվել՝ թույլ չտալով, որ նա ինձանից հրաժարվի…»:

Վաստակաշատ դերասանուհին տասնյակ կերպարներ է ստեղծել հայ առաջնակարգ բեմում՝ Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»-ում, Իշխանուհի՝ Շանթի «Հին աստվածներ»-ում, Ռանեւսկայա՝ Չեխովի «Բալենու այգի»-ում, Քլերի Ցախնասյան՝ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ, Անուշ՝ Պարոնյանի «Պաղդասար Աղբար»-ում: Եվ էլի տպավորիչ կերպարներ, որոնք այսօր կարոտով է հիշում հանդիսատեսը:

Վարդուհի Վարդերեսյանը, թեեւ սակավաթիվ, բայց կերպավորումներ ունի նաեւ «Հայֆիլմի» նկարահանած կինոնկարներում՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես, «Հայրիկ», «Կարինե», այլ ժապավեններ: Բայց այս բնագավառում նա ավելին կարող էր թողնել: Դա՝ հաստատապես: Իսկ ինչով է պայմանավորված այս բացը՝ դժվար է մեկնաբանել: Եվ այս բացից դժգոհում էր նաեւ ինքը՝ ժողովրդական դերասանուհին: Լսենք իրեն. «Կինոյում տղամարդու սեզոն եկավ, կանայք հետին պլան մղվեցին: Հիշենք, թե իրար հետեւից ինչ ֆիլմեր նկարահանվեցին՝ «Հայրիկ» , «Տղամարդիկ», «Ձորի Միրո», «Նահապետ» եւ այլն: Բայց կա մի ֆիլմ, որտեղ ես, ախր, կարող էի խաղալ՝ «Կտոր մը երկինք»: Ինչ-որ ափսոսանք կա, որ մինչեւ հիմա զգում եմ: Ես էլ կարող էի կինոյում մնայուն տեղ թողնել այդ ֆիլմով: Սոֆիկո Ճիաուրելին Թուրվանդա քորո է խաղում, բայց նա հայ կնոջ չի խաղում, վրացուհի է՝ հպարտ, հայուհու տրագեդիան չկա, կարող է եւ չլինել, դա պարտադիր չէ, բայց քո աչքերից, կեցվածքից պետք է երեւա, որ տառապած, անցյալ ունեցող, կենսագրություն ունեցող կին ես: Իսկ ես, ախր, արեւմտահայ եմ, դա ի՜մ դերն էր: Ես հեռուստաթատրոնում խաղացել եմ «Պճեղ մը անուշ սիրտ» , այն իմ ամենասիրելի դերերից է, ես այդ ներկայացման մեջ լիարժեք եմ դրսեւորվել, բայց, միեւնույն է, դա Թուրվանդա, Թուրիկ մոքուր չէ: Սոֆիկոն էլ լավ է խաղում, բայց կայի ե՜ս: Ինչո՞ւ Մալյանն ինձ չտվեց այդ դերը: Ինձ թվում է՝ նա փոշմանել էր, բայց արդեն ուշ էր: Պատճառը հետո իմացա. վրացիներն իրենց դերասաններին եւ դերասանուհիներին ներկայացնել գիտեին Մոսկվային: Սոֆիկոն շատ ֆիլմերում էր խաղացել, Մոսկվայում լավ էին ճանաչում նրան, մեծ համարում ուներ: Վրացիներն իրենց մատուցել գիտեն, մա-տու-ցե՜լ: «Կտոր մը երկինք»-ում Հենրիկ Մալյանը Սոֆիկոյին նկարեց, որպեսզի ֆիլմն անարգել ընդունվի Մոսկվայի կողմից: Սրա մասին ինձ ինչ-որ մեկն ասաց, բայց չեմ կարժում, թե դա էր իսկական պատճառը: Կինոյում ինձ համար պետք է սցենար գրվեր, հատուկ ինձ համար, բայց չարեցին: Տեսեք՝ Գալյա Նովենցն ինչպես է փայլում կինոյում: Այդպիսի մնայուն դերեր ես էլ պետք է ունենայի, կինոյի պատմությանը ես էլ կարող էի նշանակալի էջեր թողնել: Ի՛նչ հրաշալի է Գալյան «Մեր մանկության տանգոյում». խոսքը, կեցվածքը, ամեն, ամեն ինչ կատարյալ է: Գալյան էլ է էպիզոդիկ դերեր խաղացել տարբեր ֆիլմերում, բայց «Մեր մանկության տանգոյում» նա փայլում է. այդ ֆիլմում նա երեւաց: Կինոն Գալյային շատ բացեց…»:

Մեծանուն դերասանուհու ափսոսանք, ճշմարիտ խոսք ու գնահատանք: Իսկ մենք փորձենք նրան պատկերացնել Թուրվանդա մոքուրի դերում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում