Նա հերկեց մեր գրական անդաստանը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանուկ Աբեղյան. ինչ է մեզ համար նա: Հայկական ավանդույթների մարմնացում, գիտնական՝ բառիս ամենախորին իմաստով: Անվախ, աննախապաշար, անկեղծ, վառ հայրենասեր՝ լի հավատով հայ ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ: Սկզբունքի մարդ՝ մեր ապառաժների պես կայուն: Մտքի եւ կամքի, աշխատանքի եւ գործի հսկա, պատկառելի ուսուցիչ, սերունդների անձնվեր դաստիարակիչ: Աբեղյանի շնորհիվ մեր ազգային եւ հոգեւոր միջավայրը լցված է իմաստությամբ եւ հեղինակությամբ, լրջությամբ ու վեհ նպատակների հետապնդումով…»:

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հայագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, գրականագետ, արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ: Բայց միայն նշյալ բնագավառները չէին, որոնց անգերազանցելի տիրակալն էր գիտական վիթխարի ժառանգության հսկան: Նա, որ ուսանել էր Յենայի, Լայպցիգի, Բեռլինի ու Փարիզի համալսարաններում, նաեւ անգերազանցելի Ուսուցիչ էր, որի ոտնահետքերով քայլելու էին տասնյակ ու տասնյակ գիտնական-ժառանգորդներ՝ հարստացնելով հայ մշակույթի, գիր ու գրականության գանձարանը:

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թ., Նախիջեւանի Աստապատ գյուղում: Գրաճանաչ է դարձել յոթ տարեկան դառնալու առիթով հորից խնդրած եւ նրա գնած Այբբենարանով: Միաժամանակ դասեր է առել գյուղի գրագիրներից: Այնուհետեւ ուսանել է ծննդավայրի Կարմիր վանքի դպրոցում, ամիսներ անց՝ դարձել Վաղարշապատի Գեւորգյան ճեմարանի սան: Ավարտում է գերազանց գնահատականներով եւ արժանանում առաջնակարգ մրցանակագրի դիպլոմի: Դրան հաջորդում է ուսուցչական աշխատանքը Շուշիի թեմական դպրոցում: 1888 թ. Աբեղյանը, նախ ունկնդիրների փոքր շրջանում, ապա առավել լայն հասարակության առջեւ կարդում է «Սասնա ծռերի» իր գրառած նոր պատումը: Նույն թվականին Շուշիում լույս է տեսնում նրա «Նմուշներ» բանաստեղծական ժողովածուն, որի արձագանքները հեղինակին վերջնականապես համոզում են, որ ինքը մուսաների ընտրյալներց չէ, եւ ձեռք է քաշում դրանից: Այդպես է վարվում, քանզի նրան այլ առաքելություն էր վերապահված: Կարճ ժամանակ անց հայոց բերդաքաղաքում հրատարակվում է բանահավաքի «Դավիթ եւ Մհեր»՝ հայ ժողովրդական վեպի երկրորդ նշանավոր պատումը, որը գրի էր առել 1886-ին՝ Գեւորգյան ճեմարանի դռնապան, մոկացի Նահապետից՝ Նախո քեռուց: Սա նրա առաջին մասնագիտական հետազոտությունն էր այս բնագավառում: Վեպի այս նոր պատումն իր գեղարվեստական ու մշակութապատմական արժանիքներով գրավում է ժամանակի գիտական մտքի երեւելիների ուշադրությունը: Հետագայում ստեղծում է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Հիրավի, վիթխարի է տիտանական աշխատասիրությամբ ու բազմակողմանի տաղանդով օժտված գիտնական-ակադեմիկոսի վաստակը: «Մանուկ Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե մեծ լեզվաբանը, թե մեծ գրականագետը, թե մեծ բանագետը՝ իրենց արանքում տեղ տալով նաեւ մեծ պատմաբանին եւ մեծագույն տաղաչափագետին,- գրել է Պարույր Սեւակը:- Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլեւ պարտավոր ենք հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր երախտավորների մեջ առայսօր նա է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառով ասած՝ կատարյալ դեմքը…»:

Մ. Աբեղյանն իր «Հայ վիպական բանահյուսություն» աշխատությամբ նորովի է մեկնաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը: «Ժողովրդական խաղեր» «Հին գուսանական, ժողովրդական երգեր» մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել ժողովրդական երգերի ակունքները, դրանց զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման» պատմության, գրական դեմքերի եւ դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին: 1910-ական թվականներից զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» . «Հայոց լեզվի տաղաչափություն»):

Սկզբունքային նշանակություն ունեն գիտնականի լեզվաբանական-քերականական աշխատությունները՝ «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն» աշխատություններում նա առաջինն է գիտականորեն համակարգել արեւելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երեւույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա է կազմել առաջին «Ռուս-հայերեն բառարանը», մասնակցել մի շարք տարաբնույթ բառարանների ստեղծման աշխատանքներին: Աբեղյանը նաեւ իր անուրանալի ներդրումն ունի գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում, որի ամենաերեւելի դեմքերից էր ինքը՝ մեծ գիտնականն ու հայ գրական-լեզվաբանական ու բանահյուսական մշակույթի հսկան: Նրա երիցս օրհնյալ ծննդյան օրվա առիթով այս հրապարակումն ամփոփենք իր՝ ազգապաշտ «կատարյալ դեմքի» հետեւյալ խոսքերով. «Մենք ընդհանուր եվրոպական գրականության երկրպագուներ ենք, գիտենք գնահատել եվրոպական նշանավոր հեղինակների գրվածքները եւ նրանցով ոգեւորվել: Սիրում ենք ծանոթանալ օտարների կյանքին եւ սովորել օտար լեզուներ: Իսկ մե՞րը, մեր անցյա՞լը, մեր լեզու՞ն…Դրանք ավելորդ են, մի՞թե անգամ կարելի է դրանց մասին խոսք բաց անել…Ինքն իրեն արհամարհելը թե տգիտություն է եւ թե հոգու տկարության ապացույց…»:

Իսկ ինքը հզոր էր: Եվ իր գործն էր հզոր, իսկ նրա վախճանը 1944 թվականի սեպտեմբերի 25-ին եղել է ցնցող. «Նա ընկավ հսկա կաղնու նման, եւ ծանր լռություն տիրեց անտառում…»: Այդ օրը ժողովրդի հետ այսպես է հառաչել մեծանուն Դերենիկ Դեմիրճյանը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում