Թղթի թանկացում, ավելացված արժեքի հարկ. գրահրատարակիչն անդրադարձել է ոլորտի խնդիրներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրահրատարակչության ոլորտում 2020 թվականին եղել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ անկումներ: Գրախանութների փակ լինելու հետևանքով մեծացել են առաքվող գրքերի ծավալները, բայց ընդհանուր առմամբ վաճառքների աճ չի գրանցվել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն ու հիշեցրեց, որ թուղթը թանկացել է, դոլարի կուրսը բարձրացել է, և այդ հանգամանքներն անմիջական ազդեցություն ունեն գրքի գնի վրա: Գրքի ինքնարժեքը բարձրանում է հենց հրատարակիչների համար: «Մեր հասարակությունում տարածված կարծիք կա, թե գիրքն առհասարակ թանկ է, բայց այդպես չէ: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե ստիպված լինենք բարձրացնել գրքի գինը: Այդ դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,- նշեց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ թուղթը Հայաստան է ներկրվում Չինաստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից: «Գուցե համավարակն է պատճառը, համաշխարհային տնտեսության անկումը, բայց փաստն այն է, որ թուղթը թանկացել է, և դա նույնպես անդրադառնում է գրահրատարակչական գործի վրա: Համավարակի ընթացքում, երբ գրախանութները փակվեցին, կրկին խնդիրներ ծագեցին. այդ օրերին առաքումներն էին շատացել, բայց ընդհանուր առմամբ վաճառքների աճ չի գրանցվել: Նախորդ տարիների համեմատ գրքի վաճառքը քիչ է եղել»,- շեշտեց Կարապետյանը:

Խոսելով գրահրատարակչությանը տրամադրվող պետական աջակցության մասին՝ մասնագետը նշեց, որ կան շատ երկրներ, որտեղ գրքի համար ավելացված արժեքի հարկ չկա, իսկ Հայաստանում միայն մանկական և ուսումնական գրքերի դեպքում է այդպես: Կարծում է՝ այդ հարկի գոյությունը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը:

Այժմ, երբ համավարակը համեմատաբար նահանջել է, գրահրատարակիչները կրկին ակտիվ գործունեություն են ծավալում: Կարապետյանն ասաց, որ իրենց հրատարակչությունը 2021-ին մոտավորապես հիսուն անուն գիրք է լույս ընծայելու: «Մեր երկրի տնտեսական վիճակը վատ է, գուցե ավելի վատանա, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք, որպեսզի կարողանանք իրագործել մեր բոլոր ծրագրերը, պետք է կարողանանք աշխատավարձ տալ, թղթի գումարը վճարել և հոգալ մնացած ծախսերը»,- շեշտեց Շավարշ Կարապետյանը:

Մարքեթինգի տնօրենը հայտնեց, որ առաջիկայում «Էդիթ Պրինտը» հրատարակելու է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»,«Էնդհաուսի առեղծվածը», «Մահ նեղոսի վրա»գրքերը, վերահրատարակվելու են Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը», «Խորհրդավոր կղզին», «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն»գործերը, հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր՝Վահագն Դիլբարյանի «101 բիզնես գաղտնիքներ», Դունկան Կլարկի (Alibaba) «Տուն, որ կառուցեց Ջեք Ման», Ալեքս Քարի «Ծխելը թողնելու հեշտ միջոցը», Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորույթները»: Ընթերցողներին կներկայացվեն նաև

Ռեմարկիգրքերը, դրանց շարքը կհամալրի երկար սպասված «Լիսաբոնի գիշերը»վեպը, լույս կտեսնեն նաև էքզյուպերի «Միջնաբերդը», մի շարք այլ գրքեր:

«Անդրադառնալու ենք հայ ժամանակակից գրողներին: Կրատարակենք Հայկ Սիրունյանի, Նշան Աբասյանի, Դավիթ Սամվելյանի, Վահան Տեր-Ղազարյանի, Արամ Ալավերդյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ»,-նշեց Շավարշ Կարապետյանը:

Վերադառնալով պատվիրվող գրականությանը, ընթերցողների նախընտրություններին՝ Կարապետյանն ասաց, որ համավարակի տարածման ընթացքում մարդիկ հիմնականում գեղարվեստական գրականություն են գնել, ոչ մոտիվացիոն կամ կենսագրական: Ըստ գրահրատարակչի՝ դա բնական է. երբ մարդը տանն է, առավել հաճույքով գեղարվեստական գրքեր է կարդում, իսկ երբ շարժման մեջ է, տանից դուրս է գալիս, ինչ-որ բանով զբաղվում, մոտիվացիոն, բիզնես գրականություն է ընթերցում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին