Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը հեղինակի տուն-թանգարանի աշխատակիցները կայցելեն վիրավոր զինվորներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, մեծանուն գրողի տուն-թանգարանի աշխատակիցներն արվեստագետների ուղեկցությամբ կայցելեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանն ասաց, որ այդպես կփորձեն նշանավորել Կապուտիկյանի տարեդարձը:

Նա տեղեկացրեց, որ հունվարի 13-ին տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ հեղինակ Աննա Վանի գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինեն տարբեր գրողներ: Արմենուհի Դեմիրճյանը ներկաներին կոչ կանի միանալ տուն-թանգարանի նախաձեռնությանը:

«Դեկտեմբերի 30-ին Աննա Վանի հետ այցելեցինք վիրավորներին: Նրանցից շատերը շատ ծանր վիճակում էին: Աննա Վանը զինվորներին իր գիրքն էր նվիրում, իսկ ես՝ Կապուտիկյանի գրքերից: Մեկանգամյա այցը շատ քիչ է, պետք է պարբերաբար տեսնել վիրավոր զինվորներին»,- նշեց Դեմիրճյանն ու հավելեց, որ տուն-թանգարանը մտահոգված էր պատերազմով ու փորձեց ինչ-որ կերպ օգտակար լինել:

Անդրադառնալով համավարակով պայմանավոված առցանց աշխատանքին՝ Դեմիրճյանն ասաց, որ այդ աշխատաձևը բավականին արդյունավետ էր: «Նախորդ տարվա փետրվարին մեկնեցի Բեյրութ և հետաքրքիր ծանոթություններ հաստատեցի: Ասմունքի, նկարչության և հաղորդակցության այլ ձևերով սփյուռքի հայերը մասնակից դարձան տուն-թանգարանի աշխատանքներին: Կապուտիկյանի անհայտ էջերն էի շատ քարոզում. ավաղ, նրա արձակը լավ ուսումնասիրված չէ, այդ իսկ պատճառով նրա արձակից տողեր, էջեր էի հրապարակում, և շատ մեծ լսարան հավաքեցինք: Մինչև 14 հազար հավանումներ էինք ունենում»,- պատմեց տուն-թանգարանի վարիչը:

Դեմիրճյանի խոսքով՝ այս ծանր օրերին մի քանի անգամ հյուրընկալել են Արցախից Հայաստան ժամանած երեխաների: «Դեկտեմբերի 26-ին «Տարեմուտի օր» կազմակերպեցինք. Ավանի հանրակացարանի արցախցի երեխաներն իրենց մայրիկների հետ այցելեցին մեզ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի աջակցությամբ փոքրիկներին անհրաժեշտ նվերվեր՝ տաք ձեռնոցներ, գլխարկներ, գուլպաներ նվիրեցինք: Երեխաների համար հրաշալի օր կազմակերպեց Գայանե Սամվելյանը: Պարերի, հանելուկների միջոցով նա մեծ տոն պարգևեց հյուրերին»,- նշեց Արմենուհի Դեմիրճյանը:

Խոսելով առաջիկա հրատարակությունների մասին՝ տուն-թանգարանի վարիչը հիշեցրեց, որ նախատեսել էին լույս ընծայել երկհատոր կամ մեկ ընդարձակ գիրք երկու բաժնով, որում կընդգրկվեին Սիլվա Կապուտիկյանի պոեզիան և արձակը: Նա ասաց, որ նյութերն արդեն պատրաստ են, բայց նախաձեռնությունն ասես օդի մեջ մնաց: «Մենք անպայման հետամուտ ենք լինելու գրքի հրատարակության իրականացմանը»,-շեշտեց Դեմիրճյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց «Դոմուս» ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արմեն Մուրադյանի, որի ֆինանսական աջակցությամբ լուծվել է տուն-թանգարանի ջեռուցման հարցը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում