«Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ» եռանկյունին առավելագույն վտանգն է տարածաշրջանում. դեսպան Աղաջանյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին (Radio Republik Indonesia)` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ևս մեկ փորձի՝ ուղղված Արցախի տարածքի ձեռքբերմանն առանց դրա բնիկ հայկական բնակչության: Ավելին, այսօր Արցախի պաշտպանության բանակը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, քանի որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում հավաքագրել է ահաբեկիչ զինյալների և տեղափոխել նրանց հակամարտության գոտի՝ Ադրբեջանի բանակի շարքերում կռվելու նպատակով»:

Անդրադառնալով բախումների հետևանքներին՝ Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է. «…ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում կրած վնասն ու կորուստներն են, ինչը հետևանք է Արցախում, ճակատից շատ հեռու, բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխտիր ու դիտավորյալ թիրախավորման օդային հարվածներով ու հրթիռահամազարկային համակարգերից՝ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծումների: Ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Սա պատերազմական հանցագործություն է և, միանշանակ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Խոսելով Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին դիմագրավելու մասին՝ ՀՀ դեսպանն արձանագրել է, որ «Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ, և ժողովուրդը վճռական է տրամադրված միասնական ջանքերով դրա դեմ պայքարելու հարցում»:

Դեսպանը կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հույս հայտնել, որ «միջազգային հանրության կողմից միջազգային խիստ արձագանքի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել բախումները, քանի որ պատերազմի հետագա էսկալացիան սպառնում է վերածվել առավել լայն տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտության՝ միջտարածաշրջանային հետևանքներով ու ներգրավումներով»:

«Չմոռանանք, որ Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջանների, ռազմական դաշինքների, տարածաշրջանային ու գերտերությունների շահերի, կրոնների խաչման կետում է գտնվում: Եվ սա մեզ առավել զգուշավոր է դարձնում»,- ասել է դեսպան Աղաջանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Հայերեն

Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենը ողջունել է Բուլղարիային՝ որպես նոր անդամ. BTA

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը