Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող՝ «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ սննդամթերքի հետ շփվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում․ դրա մակերեսը եղել է անհարթ, ինչի հետևանքով հնարավոր չի եղել այն պատշաճ կերպով մաքրել և ախտահանել։
Բացի այդ, սարքավորումները, գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, իսկ աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Հայտնաբերված խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։