«Աննան կանաչ կտուրներից» բեսթսելերը բնագրային թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանադացի ճանաչված հեղինակ Լուսի Մոդ Մոնթգոմերիի «Աննան կանաչ կտուրներից» բեսթսելերը բնագրային թարգմանությամբ ներկայացվել է ընթերցասերներին: Վեպը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանել է Աննա Դանիելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 10-ին օնլայն ձևաչափով:

«Այս գիրքն աշխարհում վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով»,-նշեց «Էդիթ Պրինտ»-ի PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը:

Անդրադառնալով Աննա Դանիելյանի հետ համագործակցությանը՝ Գրիգորյանն ասաց, որ սա հրատարակչության և Աննայի առաջին համատեղ աշխատանքը չէ: Աննան անգլերենից հայերեն է թարգմանել նաև Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» ստեղծագործությունը:

««Աննան կանաչ կտուրներից» վեպի հերոսուհու կյանքին առնչվելը երազանքի էր նման: Պարզվեց, որ գիրքը մայրիկիս մանկության սիրած ստեղծագործություններից է: Առավել ջերմություն զգացի գրքի հանդեպ, և դա բարդացրեց թարգմանական աշխատանքը: Թարգմանել մի գործ, որի համար այդքան մեծ պատասխանատվություն ես զգում, դժվար է»,-խոստովանեց Աննա Դանիելյանն ու հավելեց, որ մեծ սիրով է փորձել ընթերցողներին փոխանցել հերոսների զգացմունքները:

Դանիելյանը շնորհակալություն հայտնեց գրքի խմբագիր Քրիստինե Չիլինգարյանին իրեն աջակցելու համար:

1908 թվականին հրատարակվելուց ի վեր՝ «Աննան կանաչ կտուրներից» վեպը մշտապես համաշխարհային բեսթսելերի դերում է եղել։ Լուսի Մոդ Մոնթգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում PBS, The Disney Channel ու Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ասպարեզում։ Վեպը պատմում է 11-ամյա որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ իրենց Կանաչ կտուրներ ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում՝ մի վայրում, ուր աղջիկը վերջապես գտնում է իր տունը։ Հրապարակման օրվանից «Աննան կանաչ կտուրներից» վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել առնվազն 36 լեզուներով։ Լ. Մ. Մոնթգոմերին գրել է բազմաթիվ շարունակություններ։ Գրքի բնօրինակը դասավանդվում է ուսանողներին աշխարհի տարբեր երկրներում։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում