2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսական աջակցության գործիքները ուղղված են այն ոլորտներին և կազմակերպություններին, որոնք տեսանելի են Կառավարության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասացՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` անդրադառնալով ապրիլի 14-ին «Մուատ» ՓԲԸ-ի վարորդների կազմակերպած բողոքի ակցիային, ովքեր պահանջում էին աջակցություն Կառավարության կողմից։
«Տնտեսական աջակցության գործիքները հիմնականում ուղղված են այն ոլորտներին և կազմակերպություններին, որոնք տեսանելի են Կառավարության համար։ Եթե իսկապես տեսնում ենք, որ այնտեղ զբաղվածություն և դրամական հոսքեր կան, ապա աջակցությունը քննարկվում է և հնարավորինս հասանելի է դարձվում տնտեսավարող սուբյեկտներին։
Եթե մենք չենք տեսնում, որ այդ անձը եղել է տնտեսավարող սուբյեկտ, ապա իրեն օգնելը շատ բարդ է լինելու։ Աջակցությունը պետք է ինչքան հնարավոր է թիրախային լինի»,- ընդգծեց Ավանեսյանը։
Փոխնախարարը նշեց, որ եթե լինեն մեխանիզմներ, կարող են քննարկել աջակցության հարցը, եթե չլինեն, ապա միայն կարող են խոսել սոցիալական աջակցության մասին։
Հարկադիր պարապուրդի մատնված «Մուատ» ՓԲԸ-ի մոտ 250 վարորդ ապրիլի 14-ին բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով աջակցություն Կառավարությունից։ Վարորդները նշել են, որ մեկ ամիս հարկադրված պարապուրդի մեջ են և աշխատավարձ չեն ստացել։