Սոցիալական հարցեր

Podcast. Երեխայի լավագույն շահն ու խնամատարության զարգացումը՝ պետության քաղաքականության առանցքում

3 րոպեի ընթերցում

Podcast. Երեխայի լավագույն շահն ու խնամատարության զարգացումը՝ պետության քաղաքականության առանցքում

Երեխաների հիմնահարցերի ոլորտում պետական քաղաքականության առանցքում երեխայի լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ պետության ամբողջական հոգածության ներքո են գտնվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնց խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է շուրջօրյա 4 հիմնական կազմակերպություններում։

«Երեխաների հետ տարվող աշխատանքներում առանձնակի շեշտադրում ունի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որովհետև համապատասխան տարիքային շեմը հատելիս՝ արդեն կարևորագույն դեր ունի մասնագիտական կողմնորոշումը, նրանց մասնագիտության ընտրելու հետ կապված հարցերը։ Կազմակերպություններում խնամվող երեխաները ինտենսիվ համայնքային ծառայություններից են օգտվում, ընդգրկված են բազմաբնույթ, արտակենտրոն խմբակներում, արտադպրոցական պարապմունքներում։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի երեխաները ներառվեն հասարակության մեջ, համայնքային ծառայություններից օգտվեն, ինչը հիմքում մի կարևոր գաղափար ունի՝ հետագայում սահուն անցումն անկախ կյանքի»,- նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ պետության համար կարևորագույն դեր ունի խնամատարության ինստիտուտի զարգացումն ու կայացումը՝ նշանակություն վերապահելով կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի խնամքի ու դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքներում։ Այս  ինստիտուտի զարգացմանն են միտված իրականացվող մի շարք բարեփոխումներ։

Այդ քաղաքականության արդյունքում այժմ խնամատար 112 ընտանիքներում են գտնվում 213 երեխա, օրինակ՝ 2009 թվականի 10 խնամատար ընտանիքի և 13 երեխայի փոխարեն։  

ՀՀ-ում երեխաներին տրամադրվում են նաև ժամանակավոր ճգնաժամային խնամքի ծառայություններ, որոնք իրականացվում են պետական երեք կազմակերպությունների միջոցով։

Ստեփանյանն ընդհանրացրեց, որ իրականացվող բոլոր ծրագրերն ու բարեփոխումները միտված են երեխայի լավագույն շահի ապահովմանը՝ առաջնահերթ համարելով ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։

«Այս ուղղությամբ շարունակվում են ծառայությունների ստանդարտացման, օրենսդրական բարեփոխումների և խնամատարության համակարգի զարգացման աշխատանքները՝ ապահովելու համար երեխայի հիմնական իրավունքներն ու երաշխիքները»,- եզրափակել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքասթում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում