Արձակի վարպետն արծարծում էր համամարդկային խնդիրներ. Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 85 տարեկան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը, որն իր ստեղծագործություններով մշտապես արժևորել է հայ մարդուն և գյուղացու կերպարի, նրա նիստուկացի, մարդկային հարաբերությունների նկարագրություններով բարձրացրել համամարդկային խնդիրներ, փետրվարի 12-ին կդառնար 85 տարեկան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Մաթևոսյանի ժառանգությունը մշտապես շատ բարձր է գնահատվել և գնահատվում է մինչ օրս: «Նրա ստեղծագործությունների վերաբերյալ գրեթե ամեն տարի կազմակերպվում են գիտաժողովներ, ընթերցումներ, տպագրվում են նրա անտիպ գործերը: Կարծում եմ` Մաթևոսյանի բոլոր գործերն են հրատարակվել: Նա արժևորվող և ուսումնասիրվող հեղինակներից է»,-նշեց Միլիտոնյանը:

Միության նախագահի խոսքով` ընթերցել է Մաթևոսյանի բոլոր ստեղծագործությունները: «Շատ տպավորիչ էին «Մեծամոր» էսսեն, «Խումհար» վիպակը, «Ծառերը», «Ծաղրածուների մեր տոհմը», «Մեսրոպը»: Տեղեկացնեմ, որ Միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ այս տարի Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ է հանձնելու»,-հայտնեց Միլիտոնյանը:

Գրականագետ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ շեշտեց, որ, հետադարձ հայացք նետելով մեր խորհրդային և անկախության առաջին երկու տասնամյակների շրջանի գրականությանը, վստահաբար կարող ենք ասել, որ Հրանտ Մաթևոսյանն Ակսել Բակունցից հետո մեր արձակի երկրորդ մեծ վարպետն էր:

«Թե՛ Բակունցի, թե՛ Մաթևոսյանի դեպքում պայմանականորեն գործ ունենք գյուղագրության հետ, որն իրականում գյուղագրություն չէ: Նրա ստեղծագործություններում արտացոլվում են մեր ժողովրդի և ժամակաշրջանի խնդիրները` հակասությունները, հայացքը պատմությանը, ներկային և ապագային: Մաթևոսյանի ստեղծագործությունը պետք է գնահատենք խորհրդային հարցադրումների շրջանակում: Ինչպես Չինգիզ Այտմատովը, Վալենտին Ռասպուտինը, այնպես էլ Մաթևոսյանը գյուղական միջավայրում ապրող հերոսների միջոցով համամարդկային խնդիրներ է բարձրացնում: Նա դա արեց Ծմակուտի և ծմակուտցիների միջոցով»,-ներկայացրեց նա:

Դևրիկյանն ընդգծեց, որ Մաթևոսյանը հնարավորություն է տալիս զգալ իրական ազգայինն ու իրական համամարդկայինը:

«Նրա կարևոր հարցադրումն այն է, որ մարդը պետք է մարդ մնա: Հեղինակի առաջին ստեղծագործություններից մինչև վերջին շրջանի գործերը, որոնք ավելի բարդ էին, իրապես երևույթ էին: Երբ կարդում ենք «Աշնան արևը», թվում է`ժխտողական նոտա ունի. կյանքը մի անգամ է տրված, անհրաժեշտ է այն լիարժեք վայելել, բայց միևնույն ժամանակ ստեղծագործության մեջ կա ենթատեքստ, թե ինչը չպետք է անել: Շատ խորը գործ է «Մեսրոպը»: Մաթևոսյանն այն եզրափակում է` ասելով, որ ամեն մեկը մի թիկունք ուներ: Կոլխոզի նախագահի թիկունքում կոլխոզն էր, իսկ Մեսրոպի թիկունքում` հայոց պատմությունը: Հավանաբար, դա էր պատճառը, որ Մեսրոպը կարծես թե պարտվեց: Այդ գործերում մեր անցյալի խոր ընդհանրացումներն են, որոնք գալիս են մեր լեռնաշխարհից, բնաշխարհից, որտեղ ապրում են մեր խնդիրները»,-նշեց Դևրիկյանը:

Գրականագետի խոսքով` եթե 19-րդ դարի հայ արձակագիրներն ազգային, հայրենասիրական առումով էին խնդիր դրել հային հայ և իր հողի վրա պահելը, ինչը դեռ վաղուց մեր գրականության հիմնավոր խնդիրներից է եղել, ապա Մաթևոսյանը ստեղծագործական բոլորովին նոր մեթոդով` գյուղական միջավայրի նկարագրություններով անդրադարձավ այդ խնդիրներին, ինչն ավելի ազդու էր:

Դևրիկյանի համոզմամբ` Մաթևոսյանը դժվար հարթեց և հայ արձակի այդ տեսակի ճանապարհը:

Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանի քաղաքացիական կերպարին` Վարդան Դևրիկյանը շեշտեց, որ մեր կյանքի մեծ դժբախտությունը քամելեոնությունն է` արագ գունափոխումը: «Նա ուներ իր ըմբռնումը և չդարձավ տարբեր գաղափարների պատանդը, այլ հավատարիմ մնաց իր մոտեցումներին: «Մաթևոսյանն իր հարցազրույցներում միշտ նշել է, որ Խորհրդային Միությունից մնացած ժառանգությունից պետք է վերցնել այն, ինչը լավն է, իսկ վատից պետք է հրաժարվել»,-եզրափակեց Դևրիկյանը:

Հրանտ Մաթևոսյանը գրական ասպարեզ է մուտք գործել1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով, որը նկարագրում է ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Մաթևոսյանի հանրահայտ ժողովածուներն են «Արջը», «Բեռնաձիեր», «Թախիծ», «Մենք ենք մեր սարերը», «Ծառերը», «Խումհար», «Մեծամոր», «Մեսրոպը», «Մեր վազքը», «Պատիժը» և այլն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել ենռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:

Հրանտ Մաթևոսյանի կինոսցենարներն են «Մենք ենք մեր սարերը», «Աղքատի պատիվը», «Տերը», «Աշնան արև», «Օգոստոս» և այլն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում