Երևանյան բեսթսելեր 4/89. «Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքն ամենավաճառվածներից է
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:
Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:
Իր դիրքը բարելավել և երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Վիպակը և պատմվածքները հրատարակվել են՝ հիմք ընդունելով 1983-ին լույս տեսած երկհատորյակը, որտեղ հեղինակը մասնակի փոփոխություններ է կատարել: Այն հրատարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:
Երրորդ հորիզոնականում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը: Սվետլանա Ալեքսիևիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերեն: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը, խմբագրել է Տիրուհի Նազարեթյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:
Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը զիջել է իր դիրքերը և չորրորդն է: Ժողովածուն ընթերցողի համար կարող է դառնալ ինտելեկտուալ և մտավոր փորձառության բավական կարևոր հանգրվան: Ինչպես հեղինակն է համարձակորեն ասում գրքում, իր բախտը բերել է: Ծնվել է այն ժամանակաշրջանում, երբ գրականության մեջ կարծես ամեն ինչ ասված է, և իրեն մնում է միայն խոսել այն մասին, ինչի մասին նախորդները չկարողացան խոսել: Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
Հինգերորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
«Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը մուտք է գործել ամենավաճառվածների ցանկ` զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը: Գիրքը Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում:
Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։
Մեր շարք է վերադարձել և յոթերորդ տեղը զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Ութերորդ տեղում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունն է: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել` Արքմենիկ Նիկողոսյանը:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը և իններորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» ստեղծագործությունը: Հեղինակի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո°ւր է քո եղբայրը կամ` ո°ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որ երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նարինե Աբգարյան «Մանյունյա» | Լուսաբաց | 58 | ||
2 | +2 | Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» | Դարակ | 32 | |
3 | * | Սվետլանա Ալեքսիևիչ «Վերջին վկաները» | Բուկինիստ | 24 | |
4 | -2 | Արամ Ավետիս «Կույր կետադրություն» | Անտարես | 20 | |
5 | +2 | Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 15 | |
6 | Նոր | Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» | Էդիթ Պրինտ | 15 | |
7 | * | Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» | Բուկինիստ | 12 | |
8 | * | Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» | Անտարես | 12 | |
9 | -1 | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» | Էդիթ Պրինտ | 11 | |
10 | -4 | Հովհաննես Երանյան «Մեղքի պարան» | Անտարես | 10 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում