Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Նոր գիրք»-19/24. Դելիբես, Կատզ, Շվալբե, Շաքարյան

«Նոր գիրք»-19/24. Դելիբես, Կատզ, Շվալբե, Շաքարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 Թարգմանական գրականություն
Միգել Դելիբես, «Անմեղ սրբեր»
migel.jpg (166 KB)

Միգել Դելիբեսի գլուխգործոցներից մեկը համարվող այս վիպակը (1981), որից ներշնչվել Է իսպանական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը, ռեալիստական և լիրիկական ոճով գրված ողբերգական պատմություն է 60-ական թվականների ֆրանկիստական Իսպանիայում հողատիրոջ իշխանության տակ ապրող նվաստացած էակների մասին, որոնց առօրյա կյանքը սոսկ հրաժարումն է, զոհաբերությունը, հնազանդությունը և տիրոջ քմահաճույքներին ենթարկվելը: Լուսանցք մղված այս էակների ճակատագիրը կանխորոշված է, եթե անկանխատեսելի մի իրադարձություն թույլ չտա նրանց կոտրելու իրենց շղթաները: Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբայնանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
Սյուզան Բ. Կատզ, Լինդա Շվալբե, «Գաուդի. երևակայության ճարտարապետ»
gaudi.jpg (646 KB)

Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։

Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։

Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Լիլիթ Շաքարյան, «Բրենդինգ Անձեր, ընկերություններ, երկրներ»
bren.jpg (642 KB)

Գլոբալ տնտեսության փոխակերպման ժամանակակից փուլում յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն ու տարածաշրջան համաշխարհային շուկայում գոյատևելու և արժանի դիրք զբաղեցնելու համար մրցում է մյուսների հետ: Հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։

Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից: Գրքում վերլուծվում է «երկրի բրենդ» կոնցեպտի գաղափարը, ՀՀ քաղաքների օրինակով ներկայացվում է քաղաքային ինքնության ու դիզայնի ձևավորման նախագիծը: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am