Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված պայթյունների առնչությամբ

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված 
պայթյունների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Քերման քաղաքում իրականացված հարձակման առնչությամբ կան ձերբակալվածներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին։

Քերմանում լրագրողների հետ զրույցում Վահիդին հայտնել է, որ Իրանի անվտանգության ուժերն «օգտակար հետքեր» են գտել ահաբեկչական հարձակումն իրագործողների հետ կապված, ձերբակալվել են մի քանի կասկածյալներ։ Նախարարը հավելել է, որ «ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված բոլոր տարրերը կհայտնաբերվեն և կձերբակալվեն»։

Քերմանում հունվարի 3-ին երկու պայթյուն էր տեղի ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, որը սպանվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով իրականացված ավիահարվածի հետևանքով։ Պայթուցիկները գործի էին դրվել գեներալի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ, մարդկանց բազմության մեջ։

Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, նրանց թվում կա 9 երեխա։ Գրեթե 300 մարդ վիրավորվել է։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am