69-ամյա քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ին ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհետ կորելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում:
Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում