Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բջջային հեռախոսահամարով կեղծ լուրեր են տարածվում.ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:
«Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:
Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի և կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երևույթներ են նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից ևս:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:
Միաժամանակ, անհրաժեշտ է նաև համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում