Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բարձրակարգ ֆիլմեր, սպասված հանդիպումներ. «Ոսկե ծիրանը» կանցկացվի կենդանի, քաղաքային մթնոլորտում

Բարձրակարգ ֆիլմեր, սպասված հանդիպումներ. «Ոսկե ծիրանը» կանցկացվի կենդանի, 
քաղաքային մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանյան ամառները գունազարդող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի կանցնացվի նոյեմբերին:  Փառատոնի շրջանակում կինոյի երկրպագուները հնարավորություն կստանան դիտել հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր: Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն կինոարվեստի հայ նվիրյալների աստղերը:

Սպասվող կինոփառատոնի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ:

- Համավարակի տարածման պատճառով այս տարի մի շարք փառատոններ անցկացվում են առցանց հարթակում: Ի՞նչ ձևաչափով է կազմակերպվելու «Ոսկե ծիրանը»: Փառատոնի անցկացման ժամկետները հստակեցվա՞ծ են:

- Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փառատոնը կկայանա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը: Ամեն ինչ անում ենք, որ հրաժարվենք օնլայն ձևաչափից՝ համոզված լինելով, որ «Ոսկե ծիրանի» դեպքում միշտ կարևոր է եղել  կենդանի, քաղաքային մթնոլորտը։ Իհարկե, իր մասշտաբով փառատոնը, հնարավոր է, ավելի սակավամարդ ու համեստ լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ ոք չգիտի, թե կոնկրետ նոյեմբերը որքան և ինչ տեսակ սահմանափակումներ կունենա։ Բայց դա բնավ չի նշանակում, որ առցանց տիրույթում միջոցառումներ ու անելիքներ չենք ունենա։ Որոշելով «չկորցնել» ավանդական փառատոնային հուլիսը՝ իրականացնելու ենք փառատոնի արտադրական և կրթական մասը՝ GAIFF Pro նախաձեռնությունը: Ինչպես և նախորդ տարիներին, ստացել ենք տարբեր երկրներից նախագծերի հայտեր և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջատար միջազգային փորձագետների հետ առցանց անցկացնելու GAIFF Pro հարթակի աշխատանքները:

Կա մեկ այլ կարևոր պարտք և արարողություն, որը սկսելու ենք հենց հունիսից: Խոսքը Շառլ Ազնավուրի հրապարակում պատվավոր աստղերի բացման մասին է: Այս տարի տոնելու ենք ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Աղասի Այվազյանի 95, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

- «Ոսկե ծիրանի» շրջանակում մշտապես հնարավորություն ենք ունենում դիտել Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններում ներկայացված և քննադատների բարձր գնահատականին արժանացած ֆիլմեր: 2020-ին ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:

- Խոշոր փառատոններից միայն երկուսին բախտ վիճակվեց 2020-ին նախորդել կորոնավիրուսին և անցկացվել կենդանի ձևաչափով: Խոսքը Ռոտերդամի և Բեռլինի միջազգային կինոփառատոնների մասին է: Բանակցում ենք այդ կինոփառատոններում ներկայացված ամենակարևոր ֆիլմերի երևանյան պրեմիերաները կազմակերպելու շուրջ:

Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա, նոյեմբերից բացի, հուլիսին ևս որոշակի փառատոնային ակտիվություն ցուցաբերելը արդեն իսկ անակնկալ է, մնացածն էլ՝ ընթացքում:

- Այս տարի քանի՞ մրցութային անվանակարգ է լինելու: Հատուկ մրցանակներ նախատեսվո՞մ են: Արդեն հստակ թիվ կա՞, թե քանի երկրից մասնակցության քանի հայտ է ներկայացվել:

­ Մրցութային ծրագրերն անփոփոխ են. դեռևս նախորդ տարվանից վերագործարկված «Կորիզը»՝ տարածաշրջանային կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, «Տարածաշրջանային համայնապատկեր» լիամետրաժ ծրագիրը, միջազգային մրցութային ծրագիրը, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ», «Ծուռ ծիրան» և ետահայաց ցուցադրություններ:

Հայտերի քանակը բացարձակ չի նվազել, քանի որ նախքան համաճարակը աշխարհում արդեն հասցրել էին նկարահանել բազմաթիվ ֆիլմեր, ուստի ֆիլմերի ընտրությունը շարունակում է մեծ լինել:

Խոսեցինք հոբելյաններից և հետահայաց ցուցադրություններից. հարկ եմ համարում ասել, որ չենք կարող անտեսել Տոնինո Գուերայի և Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյանները։ Նոյեմբերին անպայման կանդրադառնանք այս երկու հանճարեղ վարպետներին:

Եթե հնարավոր լինի փառատոնի շրջանակում Հայաստանում հյուրընկալել կինոոլորտի ներկայացուցիչների, նրանց շարքում ականավոր դեմքերի կտեսնե՞նք: Եթե այո, կարո՞ղ եք բացել փակագծերը:

- Իհարկե, ճամփորդությունները 2020-ին դարձել են խնդրահարույց և սահմանափակ, բայց մինչ այս հաստատված ժյուրիի անդամներ, հյուրեր հայտնել են, որ բաց սահմանների պարագայում չեն չեղարկի իրենց այցերը Հայաստան: Մենք էլ մինչև նոյեմբեր կշարունակենք մեր բանակցությունները։

Զրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]