Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Ավստրիական կայքում տեղադրվել է Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի զեղծարարությունները բացահայտող հոդված

Ավստրիական կայքում տեղադրվել է Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի 
զեղծարարությունները բացահայտող հոդված

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական APA-OTS գործակալության կայքում մարտի 11-ին տեղադրվել է Վիեննայում Հայաստանի դեսպանության պատրաստած հոդվածը՝ Խոջալուի իրադարձությունների շուրջ Ադրբեջանի զեղծարարությունների, Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի ուղիղ թարգմանությունը՝ առանց կրճատումների և խմբագրումների.

«Ամեն տարի այս օրերին համայն հայությունը ոգեկոչում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում և մայրաքաղաք Բաքվում հայերի դեմ իրագործված պոգրոմների զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը։ Հակահայկական պոգրոմները, ջարդերն ու հայ բնակչության էթնիկ զտումներն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իր իրավունքի՝ միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան խաղաղ իրացմանը:

Սումգայիթի և Բաքվի վայրագությունները քողարկելու, ինչպես նաև ԼՂ հակամարտության էությունն ու պատմությունը կեղծելու համար մինչև օրս պաշտոնական Բաքուն շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ օգտագործելով այդ թվում Խոջալուի հետ կապված իրադարձությունները: Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության վառ օրինակ է վերջերս Վիեննայում Ադրբեջանի դեսպանության կողմից ավստրիական APA-OTS գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությունը:

Փաստերն ավելի քան խոսուն են, որոնք իրապես տեղիք են տալիս հարցերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները դեռևս հստակ պատասխան չեն տվել:

Նախ անդրադառնալով Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության մեջ տեղ գտած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին առնչվող հարցազրույցին՝ կարևոր է շեշտել, որ այն տպագրվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում 1992թ. ապրիլի 2-ին, որտեղ նա Խուջալուի հետ կապված իրադարձությունների պատասխանատվությունը դրել էր Ադրբեջանի ընդդիմության վրա՝ պնդելով, որ դա ձեռնտու էր հենց վերջիններիս։ Անհերքելի փաստ է նաև, որ Խոջալուի ողբերգությունը տեղի է ունեցել ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ»-ի զինված միավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Խոջալուից 11-12 կմ հեռավորության վրա։ Հատկանշական է, որ օգտագործելով այդ ողբերգությունը՝ Ադրբեջանի ընդդիմությունը Նախագահ Մութալիբովին ստիպեց մի քանի օր անց հրաժարական տալ: Վերոնշյալ հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան փետրվարի 17-ին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության հետ հարցազրույցում վերահաստատել է, որ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին:

Ավելին՝ 2007թ. «Խոջալուի դեպքերի վերաբերյալ զրպարտություններ կատարելու» մեղադրանքով, ադրբեջանցի հետաքննող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց ազատազրկման՝ քանի, որ կասկածի տակ էր առել Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական վարկածը: 2010թ. ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն, ադրբեջանական դատարանի գործողությունները համարվեցին անօրինական,  ինչից հետո, դատարանը կոչ էր արել լրագրողին անհապաղ ազատ արձակել: Գործի քննության ընթացքում անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ դատարանը փաստացի մերժեց Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի հակահայկական մեղադրանքները։  Հատկանշական է, որ այն ադրբեջանցիները, որոնք համարձակվել են բաց խոսել ադրբեջանական կողմի պատասխանատվության մասին՝ կամ սպանվել են, կամ բանտարկվել, ինչպես լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը:

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի գործողություններն ուղղված էին ամիսներ շարունակ մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջօրյա ռմբակոծության համար օգտագործվող ադրբեջանական զինուժի դիրքերը չեզոքացնելուն, Ստեփանակերտում և նրա մերձակայքում հասունացող հումանիտար աղետը կանխելուն, ինչպես նաև Խոջալու գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող օղակի՝ օդանավակայանի ազատագրմանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

Ադրբեջանական զինված ուժերը Խոջալու բնակավայրը վերածել էին կրակակետի՝ Ստեփանակերտի ամենօրյա հրետակոծման համար: 1992թ. փետրվարի 13-ին, խախտելով միջազգային կոնվենցիաները, Ադրբեջանը Ստեփանակերտի բնակելի տարածքների ռմբակոծության համար սկսեց օգտագործել BM-21 «Գրադ», և  ակնհայտ դարձավ, որ Խոջալուի հենակետի չեզոքացումը հրամայական էր Ստեփանակերտի բնակչության ֆիզիկական գոյատևման համար:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ ԼՂ պաշտպանական ուժերը բազմիցս տեղեկացրել են առաջիկա ռազմական գործողությունների մասին և կոչ են արել ադրբեջանական կողմին տարհանել քաղաքացիական բնակչությանը նախապես բացված Մարդասիրական միջանցքով: Նրանք, ովքեր օգտագործել են միջանցքը, ներառյալ Խոջալու գյուղի տեղական իշխանությունները, կարողացել են ապահով հասնել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Անհերքելի է նաև այն փաստը, որ ադրբեջանցի քաղաքացիական բնակչությանը տրամադրվել են անվտանգության երաշխիքներ և մարդասիրական միջանցքի օգտագործման հնարավորություն, ինչը վկայում են նաև ադրբեջանական աղբյուրները:

Հատկանշական է, որ Խոջալու գյուղը զինյալներից ազատագրելուց հետո ավելի քան յոթ հարյուր քաղաքացիական անձինք, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, հետագայում անվտանգ կերպով փոխանցվել են ադրբեջանական կողմին՝ առանց որևէ պայմանի:

Ցավոք, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ատելության քարոզը և անհանդուրժողականության սերմանումը հայերի և Հայաստանի նկատմամբ»:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ