Քաղաքականություն

Բաբկեն Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

2 րոպեի ընթերցում

Բաբկեն Թունյանն առաջարկում է ԱԺ-ում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանն այս առաջարկը ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։

«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասաց Թունյանը։

Նա կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։

«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշեց թեկնածուն։

Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծեց նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։

Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում