Նարեկ Կարապետյանը Հայաստանի տնտեսական մոդելի արմատական փոփոխության անհրաժեշտություն է տեսնում
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Հայաստանի տնտեսական մոդելի արմատական փոփոխության անհրաժեշտություն է տեսնում՝ պնդելով, որ արձանագրվող տնտեսական աճը որակական փոփոխությունների չի հանգեցրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ։
«Մեր երկրում աղքատությունը 600 հազար մարդու դռանն է կանգնած։ Վերջին ութ տարվա ընթացքում՝ մինչև 2024 թվականը, աղքատության ցուցանիշը նվազել է ընդամենը 2-3 տոկոսով, այն դեպքում, երբ երկիրը 7-8 միլիարդ դոլարի նոր վարկ է ներգրավել»,- ասաց Կարապետյանը։
Նա պնդեց, որ վերջին տարիներին արձանագրված շուրջ 5 տրիլիոն դրամ ՀՆԱ-ի աճի զգալի մասը համընկել է պետական պարտքի և քաղաքացիների վարկային պարտավորությունների ավելացման հետ։
«Մոտավորապես ամբողջ տնտեսական աճը՝ 5 տրիլիոն դրամից շուրջ 2,5 տրիլիոնը, ժողովրդի վերցրած վարկերն են, շուրջ 2,4 տրիլիոնը՝ պետության վերցրած վարկերը։ Որակական փոփոխություն մեր տնտեսության մեջ, ցավոք, չկա»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը։
Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության վիճակին՝ նշելով, որ, ըստ պաշտոնական վիճակագրության, 2026 թվականի առաջին կիսամյակում ոլորտում անկում է գրանցվել։
«Տնտեսական մոդելի արմատական փոփոխություն է պետք։ Այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու»,- ասաց նա՝ զգուշացնելով, որ պետական պարտքի ավելացումը և ժամանակավոր արտաքին գործոններից կախվածությունը երկարաժամկետ ռիսկեր են ստեղծում։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ակտիվությանը ներկայում նպաստում են պղնձի բարձր գինը և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այլ երկրներից ստացվող ֆինանսական հոսքերը, սակայն երկու գործոնն էլ ժամանակավոր բնույթ ունեն։