Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել նպաստել հասարակության ներսում փոխադարձ ատելության և ռադիկալացման շղթան կոտրելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով նախորդ օրը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ։ Հակառակը՝ դա գիտակցումն է, որ մեր ժողովրդի՝ միմյանց նկատմամբ ռադիկալացման շղթան պետք է կոտրել։ Դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմություն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ։ Հակառակը՝ ցույց է տալիս ձեր կամքը»,-ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները չպետք է վերածվեն «զրոյական խաղի» և փոխադարձ ատելության։
«Սա փողոց չէ, սա շուկա չէ, սա պատերազմ չէ։ Մենք ձեզ չենք ատում։ Մենք ընդամենը վերջին մի քանի ելույթներով ցույց տվեցինք, թե որքան տհաճ է, երբ որևէ մեկին անվանում են սրիկա։ Եթե գիտակցում և կիսում եք այս տրամաբանությունը, խնդրում եմ՝ անդրադարձեք, և եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է»,- հայտարարեց ԱԺ նախագահը։
Ռուբինյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակը կհաջողվի հանգուցալուծել խորհրդարանում սահմանված բարեվարքության բարձր շեմի շրջանակում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ի նիստում, Ռուբինյանը դիմել էր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս ասելիք ունի նախորդ օրվա միջադեպի վերաբերյալ։ Ղազարյանը պատասխանել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։
Ռուբինյանը նույն հարցն ուղղել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո ԱԺ նախագահը հայտարարել էր․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։
Օգոստոսի 13-ին Ղազարյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն էր ծավալվել։ Նիստը 20 րոպեով ընդմիջվել էր, սակայն միջադեպը ֆիզիկական բախման չէր վերածվել։
Նիստի վերսկսումից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է Ղազարյանի ներողությունը։ Նարեկ Կարապետյանն էլ նրա արտահայտությունը գնահատել էր որպես բարեվարքության նորմի խախտում՝ նշելով, որ խմբակցությունը հետագա քայլերը կքննարկի իր նիստում։