Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ պատկերը

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա իրադարձությունների ամփոփ 
պատկերը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Կենտրոնական իրադարձությունները կապված էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ, որոնք անցկացվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ինչպես նաեւ միջազգային հանրության պահանջը՝ ուղղված Թուրքիային՝ առերեսվելու իր պատմության հետ եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից 

Ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան հրավերով կայցելի Հայաստան՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք հայտնեց, որ Պուտինի այցը չի ազդի Թուրքիայի հետ Մոսկվայի փոխհարաբերությունների վրա

Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող նախագահական պատվիրակության կազմը: Նույն օրը Սպիտակ տան պաշտոնյաները ԱՄՆ հայ համայնքին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը:

Միջազգային մամուլը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2008թ. որպես սենատոր ու նախագահի թեկնածու տված խոստումը: «Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահը 1915-1923 թվականներին 1.5 հայերի բնաջնջումը նորից չի բնութագրի իր անունով` ցեղասպանություն: Որքա՞ն երկար պետք է զոհերը և նրանց ընտանիքները սպասեն մինչև որ մեր ազգը խիզախություն ձեռք բերի դիմակայելու Թուրքիային: Եթե ոչ այս նախագահը, ով նախկինում պերճախոսություն և հետաքրքրություն է ցուցաբերել ճանաչման հարցում, ապա ո՞վ: Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ»,- գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Հազարավոր կանադացիներ ապրիլի 19-ին  հավաքվել են Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի կենտրոնում՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցին նվիրված ակցիային: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող բրիտանական հանձնախմբի նախաձեռնությամբ Լոնդոնի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել բազմահազարանոց քայլարշավ

Հարյուրավոր մարդիկ ապրիլի 18-ին հավաքվել են Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնում` ոգեկոչելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում մեկնարկած Հայոց ցեղասպանության տարելիցը: Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ապրիլի 21-ին հայտարարություն է ստորագրել, որով 2015 թվականի ապրիլի 24-ը նահանգում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ապրիլի 21-ին ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակությունների անդամ երկրների պատվիրակությունները, բացի թուրքական պատվիրակությունից, հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Նույն օրը Փարիզի «Շատլե» թատրոնում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը:

Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամավորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելուն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շթեֆեն Զայբերթը հայտարարել է, որ կառավարությունը կսատարի ապրիլի 24-ին խորհրդարանում ներկայացվելիք բանաձևին, որով 1915 թվականի եղելությունը հայտարարվում է ցեղասպանության օրինակ: Գերմանիայի ձախակողմյան Կանաչների կուսակցության համանախագահ, պատգամավոր Ջեմ Օզդեմիրը հրապարակել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին քննարկման դրվելիք բանաձևի փոփոխված նախագիծը:

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործած ամենասոսկալի ոճիրներից էր:

Ապրիլի 21-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 113 պատգամավոր:

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ղեկավարները համաձայնության են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի շուրջ: Ապրիլի 22-ին նրանք ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: Ֆլանդրիայի խորհրդարանն ապրիլի 22-ին ընդունել է բանաձև, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին հանդես է գալիս թարմացված և հարստացված ցուցադրությամբ

Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվեց գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները»,- ասաց նա։ Ելույթով հանդես եկավ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Եկեղեցին ընդդեմ ցեղասպանության» միջեկեղեցական նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Մարոնիտ պատրիարք Մար Բեչրա Բուտրոս Ալ Ռաին: Նա կոչ արեց Թուրքիային ընդունել իր մեղքը, որպեսզի առաջընթացի ուղի բացվի:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուի ուղերձում որևէ նոր բան չի տեսել: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այդ ուղերձում կրկին տեսնում է մերժողականություն և իրողությունը քողարկելու ցանկություն:

Իսրայելի Նախագահ Ռուվեն Ռիվլինը Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև պատմական կապ է արձանագրել: Երուսաղեմում լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ Նախագահ Ռիվլինն ընդգծել է, որ նացիստները  օգտագործել են Հայոց ցեղասպանությունը որպես մի բան, որը թույլ է տվել նրանց իրականացնել Հոլոքոստը:

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք և որևէ տեղ չկրկնվեն։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի` «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հայոց ցեղասպանություն զոհերի սրբադասմանը նախորդող արարողությունը` Հսկման կարգը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: «Մեր պարտքն է գտնել և մատնացույց անել  այն օրինաչափություններն ու պատճառահետեւանքային կապերը, որ հետագայում կարող են հանգեցնել նման հանցագործությունների»,- նշել է Սերժ Սարգսյանըˋ ընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող մոռացվել ժամանակի ընթացքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 23-ի վաղ առավոտյան հատուկ չվերթով ժամանել է Հայաստան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Վեհափառ Հայրապետն իր հետ բերել է ցեղասպանության զոհերի մասունքներ, որոնք պահվել են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվել 14 սրբություններ: 

Եվրամիության երկրները Հայոց ցեղասպանության հարցում պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական եւ տնտեսական շահերով կամ նպատակահարմարություններով, այլ արժեքներով եւ սկզբունքներով: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԵՄ իր գործընկերներին գիտակից քայլ կատարելու կոչ է անում: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են բոլոր խորհրդարանական խմբերի պատգամավորները:

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում զանգերի ղողանջներն ազդարարեցին պատմական իրադարձության` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության մեկնարկը: Սրբադասումը կատարվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողինոսների նախագահությամբ: Արարողությանը ներկա է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր հռչակվեց ապրիլի 24-ը` ի «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հայաստանում և աշխարհասփյուռ համայնքներում Հայ առաքելական եկեղեցիներում, ինչպես նաեւ քույր եկեղեցիներում ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, հնչում են զանգերի 100 ղողանջները: Հեռայսու Հայ Առաքելական եկեղեցու 700 սրբերի շարքը համալրեցին Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատքի ու հայրենիքի նահատակվածները: Ավարտվեց համայն քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող սրբադասման արարողությունը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած հայտարարության տակ ստորագրել է նաև թուրք պատգամավորը

Ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ: Ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը 1915-ի եղելությունն անվանեց ցեղասպանություն: Գերմանիայի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանությունները Ցեղասպանություն բնութագրող բանաձևը վերջնական քննարկման կդնի ապրիլի 30-ին: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին: Թուրքական «Հյուրիեթ» թերթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1915 թվականի սոսկալի իրողության բնութագրման համար կրկին օգտագործել է Մեծ եղեռն եզրը:

Հարյուր տարի առաջ սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց` հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում  բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեկնարկած ոգեկոչման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության խորհրդի եւ դրա ժխտողականության հանցավոր վտանգների մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, երկրներին, միջազգային կազմակերպություններին, ովքեր ոչ միայն աջակցել են Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին, այլեւ միացել են հայ ժողովրդի պայքարին Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի կողքին լինելու հստակ ուղերձ հղեց` ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ընթացքում: Նա շեշտեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբևէ չկրկնվեն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1,5 միլիոն անմեղ նահատակների ոգեկոչման արարողության ժամանակԿիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը ուղերձ է հղել միջազգային հանրությանն առ այն, որ անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ:

Ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` նշանակում է ընդունել ողբերգությունը, որն իր ողջ ծավալով հարվածել է մարդկությանը, ոգեկոչել` նշանակում է թույլ չտալ, որ վերստին տեղի ունենան այլ ոճրագործություններ: Հենց այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորություն է` հիշողության տուրք մատուցելու զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ այդ հիշողությունը փոխանցելու հետագա սերունդներին: Այդ մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը համոզված է, որ սերբերն ավելի քան հասկանում ու կիսում են հայերի ցավը: Այս մասին նա նշեց Ծիծեռնակաբերդի բարձունքում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` «Հիշում եմ և պահանջում» խորագրով հիշատակի արարողության ժամանակ:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն Է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում մեծ թվով թուրքեր, տեղի և արտասահմանից ժամանած հայեր հավաքվել են և Թուրքիայից պահանջում են` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում տալ:

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր՝ ապրիլի 24-ին, ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով:

Երեւանի հետ մեկտեղ ապրիլի 24-ին լայնամասշտաբ միջոցառումներ տեղի ունեցան նաեւ այլ երկրների քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում, Թբիլիսիում, Մոսկվայում, Թուրքիայի տարբեր նահանգներում, Բեյրութում, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում, Մարսելում, Ստրասբուրգում, Լոս Անջելեսում եւ այլ քաղաքներում։

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Նահանգային ժողովը ապրիլի 24-ին բանաձև է ընդունել, որի նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտողականության ալիքի դեմ պայքարը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն` հղած ուղերձում նշելով, որ հանցագործությունը չի կարող ստանալ արժանի պատասխան, եթե չանվանենք այն իր անունով: 

Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախմբի համերգը մեկնարկել է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Վերածնունդ» խորագրով համերգը: Այն բաղկացած է չորս փուլերից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն»,  «Միջազգային պայքար», «Վերածնունդ»:

Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Հռոմում և Փարիզում ապրիլի 24-ին 15 րոպեով մարել են Կոլիզեումի և Էյֆելյան աշտարակի լույսերը: 

System Of a Down խմբի համերգը Հանրապետության հրապարակում 

Ամերիկյան National Public Radio-ն անդրադարձել է System of a Down ռոք խմբի «Wake Up The Souls» շրջագայությանն ու ապրիլի 23-ին Երեւանում կայանալիք համերգին: Աշխարհահռչակ ռոք խումբը և Սերժ Թանկյանը ապրիլի 21-ին արդեն հայրենիքում էին: Իսկ ապրիլի 23-ին Երևանն ունկնդրեց խմբի ելույթը: System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին. ապրիլի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակը լի էր ոգեւորությամբ, ապագայի հանդեպ վճռականության ու հավատի ճիչերով: Երեւանում ռոք սիրողները շատ են, ու խորհրդանշական այս օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն ուղեկցվեցին ոչ միայն սգո երթերով ու ուղերձներով, այլ վերածննդի ու արարելու հաստատակամությամբ: 

«100 տարի» (100 Years) ստեղծագործությունը սկսեցինք տխուր ելևէջներով, ավարտեցինք՝ ոգևությամբ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին մեկնարկած Երաժշտական համաժողովի ընթացքում այսպես մեկնաբանեց իր և նորզելանդացի հայտնի կոմպոզիտորի հետ գրված ստեղծագործությունը, որը նվիրված է ցեղասպանության զոհերին: 

ԼՂ հակամարտություն 

Հակառակորդն ապրիլի 23-ին շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությունը Ադրբեջանի կողմից դիվերսիայի մասին փաստացի խոստովանությունից հետո անհասականալի է: Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին տարածած տեսագրությանը նման համոզմունք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am