Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսաստանը կիսում է ամենասարսափելի ողբերգություններից մեկը վերապրած հայ ժողովրդի վիշտը

Ռուսաստանը կիսում է ամենասարսափելի ողբերգություններից մեկը վերապրած 
հայ ժողովրդի վիշտը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբևէ չկրկնվեն: Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում ունեցած ելույթում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության և համերաշխության մեջ՝ չվերապրելով կրոնական ատելության սերմանման և ազգայնականության հետևանքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պուտինը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում անցկացվելու են  հիշատակի ավելի քան 2000 միջոցառումներ, որոնց մասնակցելու են ինչպես հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլև ռուսներ: «Ռուսաստանը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթեր է  ստորագրել և պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական դեպքերն այլևս երբեք չկրկնվեն: Ներկայումս աշխարհի տարբեր մասերում տարածվում է նեոֆաշիզմի գաղափարախոսությունը և մենք պետք է պարզենք դրա իրական պատճառները»,-շեշտեց Պուտինը և հավելեց, որ աշխարհի տարբեր հատվածներում որևէ գործողություն նախապատրաստելուց առաջ պետք է հաշվի առնել հնարավոր հետևանքները:

Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ Ռուսաստանը կիսում է մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը վերապրած հայ ժողովրդի վիշտը: «Ավելի քան 1.5 միլիոն խաղաղ բնակիչ սպանվել է, իսկ ավելի քան 600 հազարը վտարվել են սեփական տներից, ենթարկվել են զանգվածային տեղահանության: Ոչնչացվել են ճարտարապետության շատ անգին հուշարձաններ ու հոգևոր սրբություններ, այրվել են գրքեր և անգին ձեռագրեր»,-ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը մատնանշեց, որ հիշելով անցյալի ողբերգական իրադարձությունները, հարկավոր է լավատեսությամբ հայացք ուղղել դեպի ապագան, հավատալ բարեկամության իդեալներին, բարիդրացիական կապերին և փոխօգնությանը, հարգել միմյանց շահերը: «Միաձայն այդպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել՝ անվտանգ և կայուն»,- նշեց Պուտինը:

Նա հավելեց նաև, որ Ցեղասպանության նկատմամբ ռուսաստանյան մոտեցումը մնացել է անփոփոխ: «Հենց ռուսական դիվանագիտությունն էր, որ դարձավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման նախաձեռնողներից մեկը: 1915թ. Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովի նախաձեռնությամբ  Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում տեղի ունեցածը ուղղակիորեն անվանեցին մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»,- ընդգծեց Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են հոգևոր մտերմությամբ և փոխադարձ օգնության պատրաստակամությամբ: «Այդպես եղել է և 100-ամյա վաղեմության ողբերգակական իրադարձութունների, և Հայրենական մեծ պատերազմի տարիներին, և Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ»,- նշեց Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am