Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հանրությանն է ներկայացվել 44-օրյա պատերազմի հերոսների կյանքն ու սխրագործությունն ամփոփող նոր ձևաչափ

Հանրությանն է ներկայացվել 44-օրյա պատերազմի հերոսների կյանքն ու 
սխրագործությունն ամփոփող նոր ձևաչափ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում կայացավ այդ հաստատության և Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ կազմակերպված «Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ» խորագրով առցանց ցուցադրության շնորհանդեսը, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր ելույթում նշեց, որ նախաձեռնությունը սկսվել է դեռ 2020 թվականի նոյեմբերից և այսօր արդեն որոշակի ձևաչափով ներկայացվում է հանրությանը։ Խոսքը վերաբերում է մեր հերոսներին, նրանց հետ կապված պատմություններին, որոնք, տնօրենի բնորոշմամբ, կազմում են մեր նորօրյա պատմության ամենակարևոր էջը, որը պետք է դառնա նաև թանգարանի կողմից ներկայանալի ու կրթության համար կարևոր մի ցուցադրություն։

HM2_7690.jpg (576 KB)

«2020 թվականին, երբ նոր էր ավարտվել ակտիվ ռազմական գործողությունների փուլը, մենք թանգարանի մուտքի մոտ տեսանք մեր զոհված հայրենակիցներից մի քանիսի նկարները և սկսեցինք մտածել՝ միգուցե, հարազատները ցանկանան, որպեսզի թանգարանը նաև սկսի արդեն այդ ուղղությամբ աշխատել՝ հավաքելով անհրաժեշտ նյութեր։ Իրավիճակն այդքան էլ հեշտ չէր, և այդ պահին դժվար էր գնալ և որդեկորույս ծնողներին ու հարազատներին ասել նախաձեռնության մասին։ Որոշեցինք այլ կերպ վարվել և կարևոր նյութերի, վավերագրերի հավաքագրման գործընթացն իրականացնելու համար համագործակցեցինք լայն հասարակայնության հետ՝ հուսալով, որ միասին գլուխ կբերենք այս կարևոր գործը․ պատմությունները կհավաքենք մեր մայր թանգարանում և կդարձնենք ոչ միայն հիշողության, այլև ապագայի կրթության հարց։ Հենց այդպես էլ առաջացավ նաև այս ծրագրի անվանումը»,- նշեց Պողոսյանը։

Թանգարանի տնօրենը հավելեց, որ խնդիր էր դրվում ոչ միայն խոսել պատերազմի մասին, այլև ներկայացնել այն մարդկանց, ովքեր ունեին գործեր, անելիքներ, որոնք պետք է շարունակվեն։

HM2_7697.jpg (664 KB)

«Մենք շատ ենք կարևորում պատմությունների ու երազանքների հատվածը։ Մենք կայացրինք որոշում, որպեսզի սկսենք ու հավաքենք նյութերը։ Մտածեցինք դրանք ճիշտ ներկայացնելու մասին, ու, քանի որ թանգարանի տարածքը շատ մեծ չէ բոլոր հերոսներին անդրադառնալու համար, հանգեցինք եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) առցանց ցուցահանդեսի տարբերակին, որը թույլ է տալիս գործընթացը դարձնել շարունակական։ Սա անընդհատ կլինի թանգարանի կայքում, և բաժիններն ու հատվածները պարբերաբար կավելացվեն նոր պատմություններով»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Պողոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, կամավորներին և հատկապես ՀԲԸՄ-ին ծրագրին միանալու համար։ Ոչ ոք անտարբեր չի եղել և բոլորը փորձել են իրենց ներդրումն ունենալ՝ այդ կերպ իրենց ուղերձը հղելով գալիք սերունդներին, որպեսզի արժանի լինեն հերոսների նվիրմանն ու զոհաբերությանը։    

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանն իր հերթին նշեց, որ նվիրական այդ առաքելությանը միանալն իրենց համար մեծ պարտավորություն է։

HM2_7715.jpg (779 KB)

«ՀԲԸՄ-ն արդեն 117 տարի գտնվում է հայկական օրակարգերի առաջնագծում։ Մենք հայկական սփյուռքի և Հայ Առաքելական եկեղեցու կողքին ենք։ ՀԲԸՄ-ն մեր պատմության ամենասև ու լուսավոր կետերում առաջ է մղել Հայաստանի օրակարգը, ստեղծվել է որպես արձագանք դեռ համիդյան ջարդերին։ Կազմակերպությունը հայկական առաջին կոտորածների, այնուհետև Մեծ Եղեռնի, բոլշևիկյան ժամանակաշրջանի, առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ունեցել է հայրենակիցներին օգնելու հանձնառություն։ Մենք անցել ենք արցախյան հերոսամարտի լուսավոր ու մութ տարիներով, ՀԲԸՄ-ի գործունեությունը եղել է ուշադրության կենտրոնում։ Պատերազմից հետո մեր ծրագրերն Արցախում բազմապատկվեցին, դրանք Լեռնային Ղարաբաղը հզորացնելու, նրան կայունություն ու ինքնաբավություն տալու փորձեր էին»,- նշեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունն այժմ այնպիսի վիճակում է, որ անընդհատ արձագանքում է իրադարձություններին և 2020 թվականի պատերազմից հետո նախաձեռնեց մի նոր ուղղություն, որը փաստահավաք էր իր բնույթով և կոչվում էր Արցախի հետազոտական ծրագիր, որի շրջանակում էլ իրականացվել է վերոհիշյալ նախաձեռնությունը։   

«Փորձում ենք պատմական փաստահավաք առաքելությունն ինչ-որ կերպ խրախուսել։ Ավելի քան հարյուր տարբեր հայտեր ենք ստացել արտասահմանյան երկրներից, որոնցից քառասունին աջակցել ենք։ Ստեղծվել են գրքեր, ֆիլմաշարեր, կազմակերպվել ցուցադրություններ, այսինքն՝ արվել է հսկայածավալ աշխատանք հենց Արցախի ժառանգությունը պահելու, փաստերը հավաքելու և դրանք ներկայացնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը հուզական է բոլորիս համար, որովհետև խորհրդանշում է հավերժի ճանապարհը։ Հույս ունենք, որ կրթական և դաստիարակչական տարրերը, որոնք դրվել են ծրագրի մեջ և կարող են ուսանելի լինել գալիք սերունդների համար, լուսավոր կդարձնեն հավերժի ճանապարհը՝ մխիթարանք լինելով մեր հերոսների համար»,- եզրափակեց Մխիթարյանը։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am