Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը չճանաչողը մեղավոր է հետագա ցեղասպանությունների համար. Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք

Հայոց ցեղասպանությունը չճանաչողը մեղավոր է հետագա ցեղասպանությունների 
համար. Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ընթանում է «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. Մարդկային կյանքը` Աստծո պարգև» միջեկեղեցական նիստը: Նիստն ընթանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ: Միջեկեղեցական նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա շեշտադրեց այն դերը, որ ունեցան քրիստոնյաները Հայոց ցեղասպանության ողբերգությունը վերապրածների աջակցության հարցում: Նա շնորհակալություն հայտնեց քրիստոնյա միսիոներին ու եկեղեցականներին, ովքեր մասնակցեցին հայերի փրկության գործին: Վիգեն Սարգսյանը խոսեց մշակութային ու հատկապես քրիստոնեական հարուստ ժառանգության մասին, որը ցեղասպանության տարիներին ոչնչացվեց: Նա հույս հայտնեց, որ նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության նորաբաց թանգարան-ինստիտուտ, ուր կծանոթանան այդ ժառանգության պատմությանը:

Միջեկեղեցական նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Անտիոքի և Համայն Արևելքի Մարոնիտ պատրիարք Մար Բեչրա Բուտրոս Ալ Ռաին: Նա կոչ արեց Թուրքիային ընդունել իր մեղքը, որպեսզի առաջընթացի ուղի բացվի: «Թուրքիան պարտավոր է արդարացի հատուցում տալ իր գործած հանցանքի համար: Եթե ուզում եք մեծ լինել, պետք է ճանաչեք սեփական մեղքը: Աստված մեծ է և Աստված ողորմություն կցուցաբերի այն մարդկանց հանդեպ, ովքերն  խոստովանում են իրենց մեղքը: Իսկ մեծ ու վեհ է այն անձը, ով գիտի ներել»,-ասաց պատրիարքը:

Մար Բեչրա Բուտրոս Ալ Ռաին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխի նոր ցեղասպանությունների կրկնման հավանականությունը: «Մենք այստեղ ենք, որ ճանաչենք ու ասենք, որ հայերը դարձել են ցեղասպանության զոհ: Մենք չենք կոչում վրեժխնդրության, բայց մենք պետք է ճանաչենք այն, որ չապրենք նոր ցեղասպություններ: Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա այդ հանրույթը դառնում է պատասխանատու նոր ցեղասպանությունների համար: Ապացույցը շատ հստակ է` բազմաթիվ ջարդեր են այսօր տեղի ունենում, որոնց դեպքում միջազգային հանրությունը միայն դիտորդի դեր է կատարում»,-ասաց Անտիոքի և Համայն Արևելքի Մարոնիտ պատրիարքը:

Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am