Ազգային ժողովում քննարկվում է Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ ԼՀԿ հարցապնդումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարցապնդումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցապնդմանը կառավարության պատասխանն Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, մասնավորապես, օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը: Հանքարդյունաբերության ոլորտում մեր քաղաքականությունն ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, և մենք նախաձեռնել ենք ոլորտի զարգացման ռազմավարության մշակում, որն այս պահի դրությամբ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացնում և պատրաստվում է իրականացնել նախարարությանը: Անդրադարձ կատարեց նաև Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագծին:

Հայերեն