Միջազգային

Հիմք չունեմ մտածելու, թե այստեղ դատական համակարգի անկախությունը թուլացնելու միտում կա. Սվիտալսկի

2 րոպեի ընթերցում

Հիմք չունեմ մտածելու, թե այստեղ դատական համակարգի անկախությունը թուլացնելու միտում կա. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, հաշվի առնելով հայաստանցի գործընկերների հետ քննարկումները, պատճառ չի տեսնում անհանգստանալու, թե դատական իշխանության անկախությունը թուլացնելու միտում կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվիտալսկին նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով տեսակետներին, թե դատաիրավական համակարգում բարեփոխումներով հատկապես վեթինգով, անցումային արդարադատությամբ իշխանությունը փորձում է ստեղծել իրենց ենթակա դատական համակարգ:

«Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, ի նկատի ունենք իրապես անկախ իշխանություն, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտություններից: Իշխանության երեք ուժերի կատարյալ բաժանումը մեզ համար շատ կարևոր է: Դատական իշխանությունը հանդիսանում է վստահելի և արդյունավետ արդարադատության հենքը: Եվ ես որևէ պատճառ չունեմ այս պահին, հաշվի առնելով նաև բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել անցյալ շաբաթ, անհանգստանալու, որ կա որևէ միտում՝ որևէ կերպ թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում: Հայ գործընկերների հետ մեր քննարկումների շրջանակում անկախության գաղափարը գերակայել է, հավանաբար ամենակարևորն է եղել: ԵՄ-ն Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն սկսել է, մասնավորապես, դատաիրավական ոլորտում։ Դա նշանակում է, որ մենք քննարկում ենք և շարունակելու ենք քննարկել այս հարցերն աշնանը»,-ասաց Սվիտալսկին:

Նա նշեց՝ բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ սահմանադրության համաձայն, վստահ է, որ դա չափազանց կարևոր բաղադրիչ է: Դեսպանը նաև կարևորեց, որ բարեփոխումների ջանքերը միջազգային ստանդարտներին համապատասխան լինեն: «Խոսքը, մասնավորապես, Եվրախորհրդի ստանդարտների մասին է, ՀՀ կառավարությունը շատ սերտորեն գործակցում է մեր գործընկերների հետ Եվրախորհրդում, նախարարն էր այցելել Ստրասբուրգ, փորձագետներ էին այցելել Հայաստան՝ խնդիրները հայ գործընկերների հետ քննարկելու համար»,-ասաց Սվիտալսկին:

Նա նկատեց՝ տեղի է ունենում երկխոսություն, ինչը շատ կարևոր է:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում