ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։
«Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հատկապես հայապահպան և պետականաշեն ծրագրերում առավելագույն մասնակցության նպատակով, հատկապես դեպի Հայաստան սփյուռքահայ շարժման խթանման տեսանկյունից ամուր կապեր հաստատելու վերաբերյալ։
Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել առաջիկա առիթին այցելել Տավուշ»,- նշված է հաղորդագրության մեջ։