Հասարակական

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ ՀարությունյանըհանդիպումէունեցելԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր և ժողովուրդն իր մանդատը տվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մ. Զիբերտը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է խորացնել հայ- գերմանական համագործակցությունը և իր պատրաստակամությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ներդրման ու խորացման աջակցության հարցում։

ԳԴՀ պաշտոնյան ողջունել է ՀՀ կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում համընդհանուր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ և մասնավորապես կրթության ոլորտում արդյունքներն արդեն նկատելի են։ Կողմերն անդրադարձել են նաև բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցերին։

ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի ծրագրային քաղաքականության, ռազմավարության և միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիտ Թոմանի հետ։ Գ. Թոմանը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում ԳԴՀ-ի փորձը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտում խորացնել համագործակցությունը, մասնավորապես համատեղ գործողությունների ծրագիր կազմել։

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։ Ընդգծելով Յ. Լեփսիուսի ունեցած դերը հայ ժողովրդի պատմության մեջ` կարևորել է տուն-թանգարանի կողմից իրականացվող մշակութային և գիտահետազոտական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տուն-թանգարանի և Հայաստանի համապատասխան կրթական և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում