Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը։
«Արմենպրես» - ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում են ՀՀ դպրոցների ուժեղ և թույլ կողմերը։
Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը
PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն են արձանագրելու արդյունքները և խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։
Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը.
Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝
- հարմարվողականությունը՝ 9 միավոր,
- նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
- դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
- դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
- զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
- ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
- դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:
Ըստ հաղորդագրության՝ այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։
Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։
Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։
Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։