Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպաստում է ժամանակակից ստեղծագործողների երկերի հանրահռչակմանը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի լավագույն կոլեկտիվներն ու կատարողները կհնչեցնեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ամենամյա երաժշտական նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Այդ կապակցությամբ կթվայնացվեն նրա լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Իններորդ փառատոնը կանցկացվի մարտի 5-9 Երևանում:

Կայանալիք իրադարձության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Ի սկզբանե ի՞նչ նպատակ է հետապնդում փառատոնը և ի՞նչ հեռանկարներ է բացել ժամանակակից կոմպոզիտորների առաջ:

-Ինը տարի առաջ մեկնարկած փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն էր: Մեզ համար կարևոր արժեք է նաև այն, որ կոմպոզիտորներից շատերը հատուկ ստեղծագործություններ են գրում փառատոնին մասնակցելու համար:

Կարծում եմ` մեզ հաջողվում է իրականացնել մեր առաջ դրված խնդիրը. այդ հարցում մեզ աջակցում է ՀՀ նախագահը: Դա խոսում է այն մասին, որ պետությունը բարձր է գնահատում արվեստը, մասնավորապես, դասական երաժշտությունը և ստեղծագործ մարդկանց աշխատանքը:

-Այս տարի փառատոնը նվիրվում է հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկին` Գրիգոր Եղիազարյանին...

-Ամեն տարի փառատոնը մի կոմպոզիտորի նվիրելով` ցանկանում ենք ցույց տալ, որ մեր ամենահեղինակավոր երաժիշտները մոռացված չեն: Փառատոնի համերգներից մեկի ընթացքում կատարում ենք տվյալ կոմպոզիտորի և նրա աշակերտների ստեղծագործությունները՝ նրա դպրոցը լավագույնս ներկայացնելու համար: Դա է մեր նպատակներից մեկը: Կարևոր է, նաև այն, որ մենք ունենք ստեղծագործական պաշար, ակտիվություն, ցանկություն և բազմաթիվ սատարողներ:

Ըստ իս՝ ժամանակակից երաժշտությունը միշտ պահանջված է, և ես ամեն փառատոնի հետ զգում եմ, որ կա ավելի մեծ արձագանք, ակտիվություն երիտասարդության շրջանում: Հաշվի առնելով ինը տարի անցկացվող այս նեղ մասնագիտական փառատոնի պատմությունը` վստահ կարող եմ ասել, որ մեր կոմպոզիտորական դպրոցը վերելք է ապրում: Երբ նոր էինք սկսում փառատոնը, ունեինք հինգ տարվա ռազմավարական ծրագիր, որի համաձայն՝ պետք էր ֆինանսներ հայթայթել, հայտնի նվագախմբերի, մենակատարների միջոցով կատարել ժամանակակից կոմպոզիտորների գործերը և ոգևորել վերջիններիս:

-Եղե՞լ են կոմպոզիտորներ, ովքեր բացահայտվել են հենց այս նախագծի շրջանակում, և գուցե նրանց գործերն ավելի հաճա՞խ են սկսել կատարվել:

-Արվեստագետները բավականին բարդ մարդիկ են: Նրանք համոզված են, որ աշխարհը, անկախ ամեն ինչից, պետք է իրենց ճանաչի: Եթե մարդը ստեղծագործում է Հայաստանում, և աշխարհն իրեն չի ճանաչում, ըստ նրանց, դա աշխարհի խնդիրն է:

Նվագախումբը հետաքրքիր ստեղծագործողների է բացահայտել: Կան կոմպոզիտորներ, որոնց գործերը հետագայում ներկայացրել ենք արտերկրում, և երաժշտասերները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դրանք: Օրինակ` մարտի 28-ին Համբուրգի նշանավոր դահլիճներից մեկում՝ «Էլբ-ֆիլհարմոնիայում», հանդես ենք գալու համերգային ծրագրով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Նարեկ Հախնազարյանը կկատարեն ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը: Այն համաշխարհային պրեմիերա է լինելու։

-Հայ ժամանակակից կոմպոզիտորները մրցունա՞կ են արտերկրում:

-Արվեստում նույնպես կա մրցակցություն: Օրեր առաջ ավարտվեց Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը: Նա մերօրյա ամենահայտնի և մեծ կոմպոզիտորներից է: Չենք համեմատում նրա հաջողությունն այլ ստեղծագործողի ձեռքբերումների հետ, բայց… եթե Հայաստանում ապրող ստեղծագործողն ունի տաղանդ, գիտելիքներ, ցանկություն և պատրաստ է դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնք ծառանում են արվեստագետի առջև, նա կարող է հաղթել: Ես հավատում եմ, որ կան հայ կոմպոզիտորներ, որոնք կարող են ներկայանալ աշխարհին և չզիջել օտարներին:

-Փառատոնի ընթացքում երաժշտական ժառանգության պահպանման գործում կարևոր գործառույթ եք իրականացնում`թվայնացնելով մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարի ի՞նչ գործեր են թվայնացվելու:

-Գրիգոր Եղիազարյանի լավագույն ստեղծագործություններից մի քանիսը: Մենք ունենք հայտնի կոմպոզիտորների շատ փայլուն գործեր, որոնք դեռ թվայնացված չեն: 21-րդ դարում այդ գործառույթը չիրականացնելու դեպքում լուրջ վտանգվում է մեր երաժշտական ժառանգությունը:

Փառատոնի շրջանակում փորձում ենք որոշ չափով անել դա, բայց միայնակ չենք կարող: Կարծում եմ` կոմպոզիտորական արվեստով հետաքրքրվող այլ կառույցներն էլ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: Թվայնացումը մեծ ռեսուրսներ է պահանջում. պետք է այլ կազմակերպություններն էլ լծվեն այդ գործին, որ նշանակալի արդյունք ստանանք:

Մեր լավագույն կոմպոզիտորներից մեկի` Ջիվան Տեր-Թադևոսյանի (ում մասին Դմիտրի Շոստակովիչը շատ լավ է արտահայտվել) սիմֆոնիաները վտանգված են, քանի որ թվայնացված չեն: Եվ եթե մեկն այսօր թեկուզ մեր կատարմամբ լսի նրա գործերից մեկն ու ցանկություն հայտնի այն կատարել, չկա այդ հնարավորությունը: Չկան նոտաներ թվայնացված տարբերակով: Մենք պետք է բարձրաձայնենք այդ խնդրի մասին, որի լուծման համար իրական նվիրյալներ են պետք:

-Երաժշտասերն ի՞նչ է ունկնդրելու փառատոնին կայանալիք հինգ համերգային ծրագրերի ընթացքում:

-Ավելի քան 18 հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ կհնչի: Այս տարի ներկայանալու ենք կամերային ձևաչափով:

Անցած տարիներին փառատոնի շրջանակում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել է ավելի քան 50 սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություն, ձայնագրվել 200 ստեղծագործություն, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում