Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը սառը օրերին գրականությամբ ջերմանալու ևս մեկ առիթ է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդել գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնել հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի մանուկների, պատանիների շրջանում սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառն անցկացվում է փետրվարի 17-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տոնավաճառին մասնակցող տարբեր հրատարակիչների հետ` փորձելով պարզել, թե ինչ գրքեր են նրանք ներկայացրել:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը բոլորին շնորհավորեց գեղեցիկ ցուցահանդես-տոնավաճառի առթիվ, և նշեց, որ իրենք երեխաների համար լույս են ընծայել «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը, որում զետեղված են տարբեր ժողովուրդների հիսունից ավելի իմաստուն հեքիաթներ: «Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ փոքրիկներին ենք ներկայացնում նրա «Հեքիաթներ» նոր ժողովածուն՝ գեղեցիկ պատկերազարդումներով և պայծառ գույներով»,- ասաց Կարապետյանը: Բացի մանկապատանեկան գրականությունից «Էդիթ Պրինտ»-ի տաղավարում հնարավոր է գտնել բնագրից հայերեն թարգմանված հանրահայտ այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են` Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկերը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մի շարք ստեղծագործություններ, Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» և այլ հայտնի գրքեր:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի խոսքով` իրենք ցուցադրել են 2016-2017 թվականների հրատարակությունները, գրքեր, որոնք նախատեսված են ինչպես փոքրիկների, այնպես էլ` մեծահասակների համար: «Միջոցառման նպատակը տարվա ընթացքում մեր կատարած ողջ աշխատանքը ներկայացնելն է. չնայած մենք և՛ շնորհանդեսներ ենք կազմակերպում, և՛ գրքին առնչվող այլ միջոցառումներ»,-ասաց Մեսրոպյանը:

«Զանգակ»-ի տաղավարում կարելի էր գտնել Հարրի Փոթերի հատորները, գեղեցիկ պատկերագրքեր, «Պատմական որոնումներ» շարքը, մաթեմատիկական և բնագիտական գրքեր, մանկական հեքիաթներ:

Արթուր Մեսրոպյանը կարևորեց կենդանի շփումը գրքի հետ` շեշտելով, որ տոնավաճառին գալիս են տարբեր դպրոցների աշակերտներ, որոնք իսկապես հետաքրքրված են գրքերով, ընթերցում են ու գնում դրանք:

«Ծիծեռնակ» հրատարակչության և ամսագրի խմբագիր-տնօրեն Անուշ Վարդանյանն ընդգծեց, որ շատ լավ է ճանաչում մեր օրերում ստեղծագործող լավագույն մանկագիրներին: Ներկայացված էին Էդվարդ Ավագյանի, Սուրեն Մուրադյանի, Արմեն Շեկոյանի, Երվանդ Պետրոսյանի, Վազգեն Առաքելյանի, Էդվարդ Միլիտոնյանի և այլոց գրքերը: «Ցուցադրել եմ բոլոր այն հեղինակների գործերը, ովքեր արժանացել են մրցանակների: Ձգտում ենք բարձր գրականություն տպագրել, և իմ սկզբունքներից է կենդանի գրողներին ներկայացնելն ու նրանց գործերը հանրահռչակելը»,-շեշտեց Վարդանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման համար և ասաց, որ այն ևս մեկ առիթ է այս սառը օրերին գրականությամբ ջերմանալու համար:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև «Արևիկ», «ՋիԷսԷմ» հրատարակչությունները` ներկայացնելով իրենց լավագույն մանկապատանեկան գրքերը:

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում