Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը
1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը։
«Այս փուլում սահմանվում են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։ Նման փոփոխություններ են իրականացվում ամբողջ պետական համակարգում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Այս նախագծի ընդունմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքապետի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կբարձրանա մինչև 2 միլիոն 80 հազար։ Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1,020,000-ի փոխարեն կլինի 1 միլիոն 913 հազար դրամ, մյուս տեղակալներինը՝ 952,000-ի փոխարեն 1 միլիոն 830 հազար։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը 850 հազարից կհասնի 1 միլիոն 248 հազար դրամի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազարի։