Քաղաքականություն

Ես Հայաստանից երբեք չեմ հեռացել. Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Ես Հայաստանից երբեք չեմ հեռացել. Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող քաղաքական ուժի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին: «Թումո» կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանից երբեք չի հեռացել: «Ես Հայաստանից չեմ գնացել, պարբերաբար եկել եմ: Ես եկել եմ Հայաստան դուք ինձ չեք ճանաչել, հավանաբար, փողոցում էլ տեսնեիք, չէիք ճանաչի: Բայց երկու տասնամյակ, չհաշված առաջին մի քանի տարին, երբ ծանր հիվանդ էի, ես հաճախ եմ եղել Հայաստանում, հանդիպումներ եմ ունեցել նաև գյուղերում: Ես Հայաստանից չեմ գնացել, շատ լավ գիտեմ Հայաստանը, այլ հարց է, որ կա սերունդ, որը ինձ չի ճանաչում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե երկու տասնամյակ երկրից բացակայելուց հետո ծանո՞թ է Հայաստանի խնդիրներին:

Նա հավելեց, որ շարունակում է իր աշխատանքային հանդիպումները տարբեր շրջանակների հետ` այդպիսով պատրաստվելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը, որը կլինի մոտակա օրերին: «Եթե հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո կայացնեմ իմ որոշումը, խոստանում եմ պարբերաբար հանդիպել ձեզ հետ, զրուցել, պատասխանել ձեր բոլոր հարցերին: Լրագրողների նկատմամբ իմ հարգանքը շատ խորն է, ձեր դերը մեր երկրում շատ մեծ է, սակայն այդ դերում պետք է լինեք անաչառ և պրոֆեսիոնալ: Ես ձեզ դաս չեմ տալիս, պարզապես ներկայացնում եմ այն ակնկալիքը, որ ես ունեմ: Դուք պետք է պայքարեք վատի դեմ, բայց նաև աջակցեք և քաջալերեք լավը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ մինչ այս պահն ունեցած հանդիպումներից միայն դրական արձագանքներ է ստանում: Առաջիկայում Արմեն Սարգսյանն անպայման հանդիպում կունենա նաև Արցախի իշխանությունների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում