«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Դեռ 24 տարեկան...» համերգային ծրագրում կհնչեն տարաբնույթ ստեղծագործություններ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը:

Մինչ հոբելյանը տոնելը, երգչախումբը հանդես կգա «Դեռ 24 տարեկան...» խորագրով համերգային ծրագրով: Կհնչեն ինչպես բարդ, այնպես էլ` թեթև, կատակ ստեղծագործություններ: Համերգային ծրագիրը տեղի կունենա

դեկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երգչախմբի գործունեության և սպասվող համերգի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ:

-Պարոն Հեքեքյան, ի՞նչը խթան դարձավ, որ դուք 1992 թվականին`Հայաստանի համար բավականին ծանր տարիներին, հիմնադրեցիք «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

-Ես բարդություններից չեմ վախենում, հակառակը` ընդվզում եմ դրանց դեմ: Այդպես եղավ արցախյան շարժման ժամանակ, մութ ու ցուրտ տարիներին, մեր անկախացման սկզբնական շրջանում: Ես որոշեցի մի բան անել բոլոր նրանց համար, ովքեր մնում են երկրում: Ինձ համար դժվար չէր գնալ Հայաստանից. հրավերներ ունեի, գայթակղիչ առաջարկներ շատ կային, բայց մնացի: Իմ սաներին անգամ ասում էի՝ երբ մայրդ հիվանդ է, դու չես կարող նրան թողնել, գնալ ապրել մի բարեկեցիկ կնոջ մոտ, մինչև մայրդ կլավանա կամ ոչ: Պետք է մնալ հայրենիքում և բարձրացնել նրա վարկանիշը: Այդ տարիներին ադրբեջանական քարոզչության շնորհիվ Հայաստանը Եվրոպայում դիտարկվում էր որպես ագրեսոր:

Կարևոր էր, որ հայ տաղանդավոր երեխաները շրջեին աշխարհով մեկ: Երգչախումբը մասնակցում էր միջազգային փառատոնների, մրցույթների, արժանանում ոսկե մեդալների և, ամենակարևորը, խոսում էր Հայաստանի մասին: Կատարում էինք Մաշտոցից սկսած մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր, համաշխարհային երաժշտության նմուշներ էինք ներկայացնում: Ապացուցում էինք, որ այսպիսի մշակույթ ունեցող երկիրը չի կարող ագրեսոր լինել:

- Ըստ ձեզ՝ ո՞րն է երգչախմբի հաջողությունների գրավականը:

-Աշխատանքը: Մի անգամ երեխաներից մեկը կրկնեց մեծերից մեկի խոսքը, որ տաղանդը 0 է, աշխատասիրությունը՝ 1 : Եթե 1-ը դնես 0-ից առաջ, կդառնա 10:

- Տարիների ընթացքում երգչախմբի փոքրիկ կատարողները փոխվում են: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նոր երգիչներին: Նոր ձայներից երգչախմբի հնչողությունը չի՞ փոխվում:

-Սկզբում ընտրում էի երեխաներին՝ հաշվի առնելով նրանց ձայնը, լսողությունը, արտաքին տվյալները: Ես երկիր եմ ներկայացնում, և երգիչները պետք է նաև գեղեցիկ լինեն: Անցան տարիներ: 2001-ին մեզ շնորհվեց «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսը, մեկ տարի անց դարձանք աշխարհի լավագույն մանկական երգչախումբը:

Նվաճումները շատ էին, ավելին չէր կարող լինել: Որոշեցի երգչախմբի դռները բացել բոլոր երգել ցանկացողների առաջ: Եթե կան փոքրիկներ, որոնք ուզում են երգել, ես չեմ կարող նրանց մերժել, և եթե այս հանրապետությունում կան ծնողներ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխան կրթվի, ապա ես իրավունք չունեմ ասել՝ ոչ: Սկսվեց սարսափելի մի բան. գալիս էին երեխաներ, որոնք լսողություն չունեին, նոտաներ չգիտեին և այլն: Դժվար էր, սակայն վաղուց երգող երգիչները կարողանում էին դաստիարակել նորերին և, խառնարանի միջով անցկացնելով, դարձնում ավելի լավը:

Մենք ունենք ձայնասկավառակ, որը թողարկել ենք 2009-ին: Դրանում զետեղված են տասը տարվա ընթացքում ձայնագրված ստեղծագործություններ: Երգչախմբի հնչողության տարբերությունը մեծ չէ:

-Ինչպես նշեցիք, համերգային ծրագրերով ելույթներ եք ունեցել բազմաթիվ երկրներում: Եթե հետադարձ հայացք նետեք ձեր արած աշխատանքին, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Առանց մտածելու կասեմ՝ Երգչախմբային արվեստի վեցերորդ համաշխարհային գիտաժողովը: Երեխաներին ասում էի, որ, գիտաժողովին ելույթ ունենալով, կամ տապալվելու են, և նրանց երկար տարիներ ոչ ոք չի ցանկանա լսել, կամ կարող են տիեզերք թռչել: Գիտաժողովին ներկա են լինում աշխարհի ամենահայտնի խմբավարները, երաժշտագետները, կոմպոզիտորները, մենեջերները, և լավագույնս հանդես եկած երգչախմբերի մասին լուրերը ելույթների հաջորդ օրը տարածվում են աշխարհով մեկ:

Փոքրիկներին զգուշացրել էի` իրենց լսելու են երգչախմբային արվեստի մեծերը, որոնք իրենց կյանքի ընթացքում հազարավոր լավ երգչախմբերի են ունկնդրել, և եթե ծափահարեն, դա արդեն լավ է: Ելույթին տրամադրված էր 20 րոպե, այնինչ 17-րդ րոպեին ողջ դահլիճը ոտքի կանգնեց ու սկսեց ծափահարել, երեխաներն արտասվեցին:

-Իսկ ո՞րն է երգչախմբի անմոռանալի շրջագայությունը:

-Ամենահիշարժանը երգչախմբի առաջին ուղևորությունն էր: Խենթություն էր, որը երևի հիմա չեմ անի: Երկու ամսվա ընթացքում երգչախմբով շրջեցինք Եվրոպայի յոթ երկրներում, ԱՄՆ-ի 15 նահանգներում: Հրաշալի համերգների, մրցույթների մասնակցեցինք, ոսկե և արծաթե մեդալների արժանացանք: Տպավորիչ էր ուղևորությունը Ճապոնիա: Ճապոնացիները շատ զուսպ են, բայց մեր ելույթները հոտնկայս ընդունեցին:

-Վերջերս վերադարձաք Իսրայելից

-Հաճելի է, երբ Իսրայելի պես հզոր երկրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին բուռն ծափողջյուններով են ընդունում: Տեղի երաժիշտները շեշտում էին, որ իրենք մեր երգչախմբի նմանը երբևէ չեն տեսել: Մենք հրաշալի պահեր ապրեցինք այնտեղ և մեծ գոհունակությամբ վերադարձանք Հայաստան:

-Առաջիկայում երգչախմբային արվեստի սիրահարներին մեծ տոն է սպասվում: Կպատմե՞ք «Դեռ 24 տարեկան…» համերգային ծրագրի մասին:

-Երգացանկն ընտրել են երեխաները: Սովորաբար հարցնում եմ, թե ի՞նչ են ցանկանում կատարել, բայց այս անգամ ամբողջ ծրագիրը նրանք են կազմել: Մի քանի բարդագույն ստեղծագործությունների կողքին կհնչեն հանրահայտ և կատակային բազմաթիվ գործեր:

Հյուրեր ենք ունենալու` ակորդեոնահար, սաքսոֆոնահար: Երկրորդ բաժնում ջազային, փոփ երաժշտություն կներկայացվի, վերջում երգչախմբի մեծերի խմբին կմիանան նաև փոքրերը` հանդես գալով երկու-երեք համարով:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում