Հանուն չինական երազանքի իրականացման. Պեկինում մեկնարկեց Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը

4 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ազգային խորհրդի դահլիճում հոկտեմբերի 18-ին հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի մեկնարկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակիցը Պեկինից, արարողության ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության գլխավոր քարտուղար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:

Շուրջ 3,5 ժամ տևած ելույթի ընթացքում կուսակցության գլխավոր քարտուղարն ամփոփեց նախորդ տարիներին կատարված աշխատանքը և ընդարձակ ներկայացրեց այն անելիքները, որոնք քաղաքական ուժը պատրաստվում է իրականացնել առաջիկա տարիների ընթացքում:

«Համագումարի հիմնական առանցքն է՝ համառորեն պայքարել ազգի մեծ վերածնման չինական երազանքի իրականացման համար՝ հավատարիմ մնալով մեր սկզբնական նպատակին և ոչ մի րոպե չմոռանալով մեր առաքելության մասին»,- ելույթի սկզբում նշեց Ցզինպինը:

Նա ընդգծեց, որ նախորդ հինգ տարում իրենք մեծ հաջողություններ են գրանցել տնտեսական համակարգի կառուցման, բազմակողմ բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության զարգացման և իրավական համակարգի կազմակերպման, բնակչության կենսամակարդակի բարելավման, զինված ուժերի ամրապնդման, բազմավեկտոր դիվանագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խոսելով տնտեսական համակարգի մոդեռնիզացման մասին՝ Ցզինպինը հատուկ ուշադրություն դարձրեց գյուղական համայնքների զարգացման վրա: «Գյուղատնտեսությանն առնչվող հարցերը արմատական բնույթ ունեն, քանի որ դրանցից են կախված ազգային տնտեսությունը և ժողովրդի կենսամակարդակը: Անհրաժեշտ է ստեղծել և առողջացնել այն ինստիտուտները, մեխանիզմներն ու համակարգերը, որոնք կապահովեն գյուղերի ու քաղաքների ինտեգրված զարգացումը»,- ընդգծեց նա:

Ցզինպինը կարևորեց բնակչության կենսամակարդակի բարձրացումը: «Մեր կուսակցության անփոփոխ նպատակներից է ժողովրդի համար բարձր կենսամակարդակի ապահովումը: Պետք է ժողովրդի շահերը վեր դասել ամեն ինչից»,- ասաց կուսակցության գլխավոր քարտուղարը: Որպես այդ ճանապարհին արվելիք քայլեր՝ նա առանձնացրեց կրթական մակարդակի, աշխատունակության, աշխատավարձերի բարձրացումը: Ցզինպինն ընդգծեց նաև աղքատության դեմ հաղթանակ տանելու ուղղությամբ կատարված և առաջիկայում արվելիք քայլերի կարևորությունը:

Երկրի առաջնորդը հատուկ շեշտադրեց նաև էկոլոգիական ոլորտի անելիքները՝ մասնավորապես կանաչ տարածքների ավելացում, մթնոլորտի համար վնասակար արտանետումների նվազեցում, վերամշակող արդյունաբերության զարգացում, մաքուր, անվտանգ և մեծ արդյունավետություն ունեցող էներգետիկ ռեսուրսների կիրառում:

Անդրադառնալով Չինաստանի բանակին՝ Ցզինպինը խոսեց ազգային պաշտպանության ու բանակի մոդեռնիզացման կարևորության մասին: «Պաշտպանական և բանակային կառուցումը կանգնած է պատմական մեկնարկի առաջ: Մենք մտադիր ենք երկրի ռազմավարական կուրսը հարմարեցնել աշխարհում տիրող նոր պայմաններին: Անհրաժեշտ է ստեղծել հզոր և ժամանակակից ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժեր, հրթիռային համակարգեր, որպեսզի պատվով հաղթահարենք նոր ժամանակաշրջանի առաքելությունները»,- հայտարարեց նա:

Ելույթի եզրափակիչ հատվածում Ցզինպինն ասաց. «Եթե երիտասարդությունն աճում և զարգանում է, ապա պետությունն էլ բարգավաճող կլինի: Եթե երիտասարդությունը ուժ է հավաքում, ապա պետությունն էլ դառնում է հզոր: Եթե երիտասարդ սերունդն ունի բարձր իդեալներ և մեծ կարողություններ, կարողանում է իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել, ապա երկրին մեծ ապագա, իսկ ժողովրդին՝ հիանալի հեռանկարներ են սպասում»:

Հոկտեմբերի 18-ին մեկնարկած համագումարն աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 24-ը:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը